Նորություններ

Բաց նամակ ՀՀ նախագահին

16.02.2012

Մեծարգո պարոն նախագահ,

Քրեական գործը, որի վրա ուզում եմ հրավիրել Ձեր ուշադրությունը, վերաբերում է իմ որդուն: Կարծում եմ, որ նրա հետ կատարվածը տիպական է և ի ցույց է դնում մեր դատաիրավական համակարգում առկա թերությունները:

Որդիս' Ստեփան Հովակիմյանը, արդեն երկու տարի է՝ գտնվում է կալանքի տակ: Նա մեղադրվում է իր ընկերոջ' Վահրամ Քերոբյանի հետ միասին «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ. հունվարի 10-ին կատարված գողությունը կազմակերպելու ու իրականացնելու մեջ: Քրեական գործը գտնվում է Կենտրոն և Նորք Մարաշ դատարանում (դատավոր Մխիթար Պապոյան):  

Գողությունը կատարվել է 2010 թվականի հունվարի 10-ին, իսկ քրեական գործը հարուցվել է փետրվարի 6-ին։ Այս ընթացքում որդիս երկու անգամ, առանց պատշաճ ծանուցման, տարվել է ոստիկանության Կենտրոնի բաժին, ենթարկվել խոշտանգումների. փորձել են կորզել ցուցմունք իր և իր ընկերների դեմ, սակայն նա նման ցուցմունքներ չի տվել: Բերման ենթարկելու մասին որևէ  արձանագրություն չի կազմվել: Երրորդ անգամ՝ արդեն փետրվարի 6-ին, զրուցելու պատրվակով Ս. Հովակիմյանը կանչվել է քաղաքային վարչություն: 7 ժամ շարունակ նա ենթարկվել է ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների, չի ապահովվել փաստաբանի ներկայություն, չեն ներկայացվել նրա' որպես կասկածյալի իրավունքները, հնարավորություն չի տրվել տեղյակ պահել ընտանիքի անդամներին: Բռնի մեթոդներով կորզված ինքնախոստովանական ցուցմունքը միակ ապացույցն է, որն այսօր քրեական գործի հիմքում է: Միայն այդ ցուցմունքի հիման վրա ձերբակալվել է նաև նրա ընկերը' Վ.Քերոբյանը:  

Հետագայում ոստիկանության ապօրինի գործողությունների, խոշտանգումների վերաբերյալ որդիս' Ս.Հովակիմյանը և պաշտպան Տիգրան Սաֆարյանը դիմել են գործին առընչվող բոլոր ատյաններին' գործը վարող քննիչին, դատախազությանը, դատարանին, հատուկ քննչական ծառայությանը: Սակայն անարդյունք:

Միայն հիշեցնեմ' առանձին նամակով Ձեզ դիմել են նաև հանրապետության ճանաչված մտավորականներ ու հասարակական գործիչներ: Մինչդեռ արդեն երկու տարի է' որդիս կալանավորված է: Կայացել է 55 դատական նիստ, և պարզ չէ, թե դեռ որքան կշարունակվի: Ակնհայտ է, որ այս անցած երկու տարիների ընթացքում ոստիկանությունը, դատախազությունը և հատուկ քննչական ծառայությունը դատարանում չեն կարողացել փաստերով ապացուցել որդուս և նրա ընկերոջ մեղավոր լինելը:

Նախաքննությունը կատարվել է ոչ ամբողջական և ոստիկանության ունեցած նախնական վարկածը «անցկացնելու» միտումով: Գործի մեջ առկա գրեթե բոլոր դրվագները թերի են և հակասություններով լի: Ակնհայտորեն խախտվել են անձի պաշտպանության իրավունքը և օրենսդրության մի շարք հիմնարար պահանջներ: Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը և ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ամեն ինչ անում են իրենց գործընկերներին արդարացնելու համար: Ոստիկանության ապօրինի գործողությունների ու խոշտանգումների փաստերը հաստատող մեր կողմից ներկայացված ապացույցները պարզապես չեն քննարկվում:  

Արդյունքում դատավարությունն անհիմն ձգձգվում է, գերազանցելով ողջամիտ բոլոր ժամկետները: Ձեզ դիմելու պատճառը հենց այս փաստն է: Այսօր դատարանը կաշկանդված է որոշում կայացնելու հարցում: Երկու տարի կալանավորված անձին արդարացնելը նշանակում է բացասական գնահատական տալ իրավական համակարգի երեք օղակների աշխատանքին և հակադրվել այդ ազդեցիկ կառույցներին: Մեր դատաիրավական համակարգին ծանոթ շատ փորձագետների կարծիքով սա բավական տիպական երևույթ է' «խորամանկ» մի քայլ, որին կուլ գնալով դատարանները ստիպված են լինում մեղադրական որոշումներ կայացնել, զուտ այն պատճառով, որ քննվող գործը վաղուց արդեն դուրս է եկել ողջամիտ ժամկետներից:

Ակնկալում եմ  Ձեր հատուկ ուշադրությունն այս ու դատական համանման գործերի նկատմամբ: Որովհետև նմանատիպ գործերն են հասարակական անվստահություն ծնում մեր դատաիրավական համակարգի նկատմամբ: 

Պարոն նախագահ, Ձեզ ուղված նամակ-դիմումս չեմ ուզում ծանրացնել մանրամասներով: Քրեական այս գործը հասարակական հնչեղություն է ստացել և լայնորեն քննարկվել է մամուլում: Հրապարակումներին կարող եք ծանոթանալ այստեղ'  http://stepanhovakimyan.wordpress.com:

ՀՀ քաղաքացի Բենիամին Հովակիմյան

Աղբյուրը՝ www.hra.am