Նորություններ

Ընթերցողի կարծիքի համար պատասխանատո՞ւ է լրատվամիջոցը. դատական վճիռը՝ մարտի 7–ին

24.02.2012

Փետրվարի 24-ին ավարտվեց «Արթուր Գրիգորյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի» գործով դատաքննությունը։ Մարտի 7-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խանդանյանը կհրապարակի վճիռը։

Այս գործով վճիռը կարող է ունենալ նախադեպային նշանակություն. սա առաջին դատական գործն է Հայաստանում, երբ լրատվամիջոցի դեմ հայց է ներկայացվում ընթերցողների մեկնաբանություններն օրաթերթում հրապարակելու համար։

Հիշեցնենք, որ փաստաբան Արթուր Գրիգորյանը վիրավորվել էր «Հրապարակ» օրաթերթի էլեկտրոնային կայքում՝ hraparak.am-ում դեռևս օգոստոսին տեղադրված «Քաղաքացիներն անբարեխիղճ փաստաբանների զո՞հ» հոդվածի տակ ընթերցողների թողած կարծիքներից: Փաստաբանն օրաթերթից 18 միլիոն դրամ է պահանջում իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: Ըստ հայցի՝ ընթերցողների մեկնաբանություններից յուրաքանչյուրը պարունակում է զրպարտություն և վիրավորանք։

Դատաքննության ընթացքում  հայցվոր կողմը պնդեց իր պահանջը և ներկայացրեց նաև «Հրապարակ» օրաթերթում այլ անձանց կողմից տպագրված հոդվածները, որոնք վիրավորում և զրպարտում են հայցվորին և որոնց հիմքով հոդվածների հեղինակների դեմ փաստաբան Արթուր Գրիգորյանը արդեն 5 հայցեր ունի ՀՀ դատարաններում։  Արթուր Գրիգորյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը շարունակեց պնդել, որ «Հրապարակ» օրաթերթը դիտավորություն է ունեցել վիրավորել և զրպարտել իր վստահորդին։

«Հրապարակ» օրաթերթի ներկայացուցիչ Գևորգ Գևորգյանն ամբողջովին առարկեց հայցադիմումը. «Կարևոր է առաջին հերթին պարզել, թե ում կողմից են արվել այդ մեկնաբանությունները, բայց քանի որ հայցվորն իր ելույթում նշեց, որ «Հրապարակ» օրաթերթում արվել են մեկնաբանություններ այլ անձանց կողմից, ապա այսքանով հայցվորը նույնպես հաստատում է, որ այլ անձանց կողմից են արվել, այլ ոչ թե օրաթերթի»։

Արթուր Գրիգորյանը հարցադրումներով փորձեց ապացուցել, որ եթե կայքի նախագծի պատվիրատուն օրաթերթն է, և խմբագիրն է պատվիրել կայքում ունենալ մեկնաբանությունների հարթակ, հետևաբար՝ թերթին է պատկանում նաև այդ հարթակը և թերթն է պատասխանատու այդ հարթակի համար։

Օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը ներկայացրեց թերթի կայքի տեխնիկական հնարավորությունները։ «Կայքի մեկնաբանությունները մինչև անցյալ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները մեխանիկորեն, առանց միջամտության հայտնվել են կայքի մեկնաբանությունների դաշտում։ Այս հայցից հետո, մենք փոփոխություն ենք կատարել, և այժմ մեկնաբանությունները հայտնվում են կայքում միայն մեր հաստատելուց հետո»,-դատարանում բացատրեց Արմինե Օհանյանը։

Նա պնդեց, որ հայցի առակա դարձած մեկնաբանություններն ինքը կարդացել է հայցադիմումը ստանալուց հետո, և որ որևէ հսկողություն մեկնաբանությունների նկատմամբ սահմանված չի եղել։ «Դե եթե օպերատորը նկատեր հայհոյանքներ կհանեինք այդպիսի մեկնաբանությունները, բայց մեզ մոտ ոչ ոք չի նստել հատ-հատ նայել մեկնաբանությունները. դրանք ավտոմատ հայտնվել են կայքում»,- պնդեց Ա. Օհանյանը։

«Հրապարակ» օրաթերթը, որպես ապացույց, դատարանին ներկայացրեց  թերթի կայքից հոդվածների տակ արված մեկնաբանություններ, որոնք վիրավորում են թերթին և խմբագրին, բայց որոնք չեն հեռացվել կայքից։

Հայցադիմումի առարկա դարձած մեկնաբանություններն արդեն հանված են  կայքից։ Խմբագիրը, խորհրդակցելով իրավաբանների հետ, այդպիսի որոշում է կայացրել։  

Արմինե Օհանյանը այս հայցադիմումը համարում է խոսքի ազատության դեմ ուղղված քայլ՝ դատարանին ներկայացնելով փաստաբան Արթուր Գրիգորյանի հրապարակած մեկնաբանությունն այն մասին, որ նա  «Հրապարակ» օրաթերթը փակելու նպատակ ունի։

Դատավոր Գ. Խանդանյանն ավարտված համարեց դատաքննությունը, վճիռը կհրապարակվի մարտի 7-ին։

Աղավնի Եղիազարյան
Աղբյուրը՝ www.hra.am