Նորություններ

Մասնավոր օրինակների մասին ոստիկանությունում չէին ուզում խոսել

28.02.2012

«Անդառնալի հետևանքների դեպքում ոստիկանները պետք է կշեռքի նժարի վրա դնեն իրենց մասնագիտական պարտականությունները»,- ՀՀ Ոստիկանությունում կազմակերպված կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) ՀԿ-ի նախագահ Արման Դանիելյանը:

Փետրվարի 28-ին, ՀՀ ոստիկանությունը կլոր սեղան-քննարկում էր կազմակերպել՝ հայտարարելով, որ Մաշտոցի պուրակում ոստիկանության գործողությունների վերաբերյալ հասարակական կազմակերպություններից հնչող տարբեր մեկնաբանությունների առիթով որոշել են քննարկում անցկացնել:

Քննարկման ժամանակ ոստիկանները հայտնեցին, որ պետք չէ խոսել մասնավոր օրինակների մասին։ Նրանք ուզում էին լսել հիմնականում եվրոպական երկրներում կիրառվող փորձի մասին՝ նշելով, որ ոստիկանները պետք է հանդուրժողական լինեն, բայց չեն կարող չճնշել ինքնիրավչությունը:

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-11 հոդվածների համաձայն՝ իրավունքի նկատմամբ միջամտությունը պետք է՝ 1. սահմանված լինի օրենքով,  2. հետապնդի իրավաչափ նպատակ, 3. անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում: «Հենց հանուն երրորդ կետի՝ ժողովրդավարության, պետք է դիտարկվեն բոլոր քայլերը»,- համոզված է փաստաբան Սիրանուշ Սահակյանը:

«Մեր ոստիկանները պետք է ավելի հանդուրժողական լինեն, քանի որ մեր գործադիր մարմիններն իրարամերժ որոշումներ կայացնելու սովորություն ունեն»,- քննարկման ընթացքում հայտարարեց Ա.Դանիելյանը:

Քանի որ կլոր սեղան-քննարկման ժամանակ, ի սկզբանե, որոշել էին ընդհանուր ձևով խոսել՝ առանց մասնավոր օրինակներ առանձնացնելու, Ա. Դանիելյանը խոսել է վերացական ՀԷԿ-ի, ջրվեժի ու բուտիկների մասին:

«Ենթադրենք՝ գործադիր մարմինը թույլատրում է ինչ-որ ՀԷԿ կառուցել ինչ-որ վերացական ջրվեժի վրա։ Ակտիվիստները սկսում են ինքնաիրավչությամբ զբաղվել այնտեղ՝ թույլ չտալով, որ այն կառուցվի, իսկ ոստիկանները ցրում են ակտիվիստներին, և ՀԷԿ-ը կառուցվում է: Հետագայում մեկ այլ գործադիր մարմին հաստատում է, որ այդ որոշումն անօրինական է, բայց արդյունքում ջրվեժն արդեն ավիրված է լինում: Այսինքն, սա մի օրինակ է, որը ցույց է տալիս, որ հետևանքները կարող են անդառնալի լինել, ուստի ոստիկանները պետք է հանդուրժողական լինեն, երբ պայքարողներն ունեն իրավական առումով հիմնավոր բողոքներ»,- կարծում է Դանիելյանը:

Հ.Գ. Թեև, հայտարարության մեջ նշված չէր, որ կլոր սեղան-քննարկումը փակ է լինելու ու լրագրողներ չեն կարող մասնակցել դրան, սակայն ՀՀ ոստիկանությունում խոչընդոտեցին լրագրողների գործունեությանը՝ դռները փակելով նրանց առջև:

Կարինե Իոնեսյան

Աղբյուրը՝ www.hra.am