Նորություններ

Սարկիսովը 12 օր է հացադուլի մեջ է

29.02.2012

Զարուհի Պետրոսյանի սպանության մեջ մեղադրվող Յանիս Սարկիսովը փետրվարի 17-ից գտնվում է հացադուլի մեջ։ Այս կերպ նա բողոքում է Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշման դեմ:

Այս մասին www.hra.am -ին հաղորդեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, ով ասաց, որ Սարկիսովն այժմ գտնվում է առանձին խցում և իրենց հոգեբանների հսկողության տակ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց իր կնոջ՝ 20-ամյա Զարուհի Պետրոսյանի սպանության մեջ մեղադրվող Յանիս Սարկիսովի բողոքը և անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի վճիռը:

Հոկտեմբերի 14-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը վճռել էր մեղավոր ճանաչել Յանիս Սարկիսովին ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-մասի 14-րդ կետով (առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ) և դատապարտել հոդվածով նախատեսված առավելագույն պատժի՝ 10 տարվա ազատազրկման:  

Այժմ Սարկիսովը պահանջում է իր նկատմամբ կայացնել արդարացման վճիռ՝ նշելով, որ իր կինը թույն է խմել և ինքնասպանություն է գործել արտաամուսնական կապի պատճառով:

Կարինե Իոնեսյան

Աղբյուրը՝ www.hra.am

Աղբյուրը՝ www.hra.am