Նորություններ

35 փաստաբան աջակցում են Մաշտոցի այգու համար պայքարողներին

05.03.2012

Երեք տասնյակից ավելի փաստաբաններ հանդես են եկել հայտարարությամբ, որով բարձրաձայնել են այգում շինություններ կառուցելու վերաբերյալ որոշման բացերը:

Նրանք, վերլուծելով մամուլում հայտնված տեղեկությունները և լսելով ակտիվիստներին, ներկայացրել են իրավական հիմնավորումներ:

Փաստաբանները նշել են մինչև այսօր ակտիվիստների կողմից հրապարակված խախտումների մասին, ինչպես նաև ավելացրել են իրենց դիտարկումները:

Նրանք փաստում են, որ խախտվել են ՀՀ Սահմանադրության հոդվածները: Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն ՀՀ Սահմանադրությունը ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն: Այսինքն, եթե գործող սահմանադրական կարգի հիմունքների կարևոր տարրերից է հանդիսանում շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը ապահովելու պետության պարտականությունը, ապա այս դեպքում կա ակնհայտ խախտում:

Սահմանդրության 10-րդ հոդվածն նաև սահմանում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ և այլոց հետ համատեղ պահպանել և բարելավել շրջակա միջավայրը:

Փաստաբանները նաև նշում են, որ խախտվել է ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն` պետության ու համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում են հողերի օգտագործման սխեմաներին ու գլխավոր հատակագծերին համապատասխան` ժամանակավոր օգտագործման համար:

«Մեր համոզմամբ Երևանի գլխավոր հատակագծով և Կենտրոն վարչական շրջանի գոտիավորման նախագծով Գլխավոր պողոտայի կանաչ տարածքի Մաշտոց-Կողբացի հատվածում այլ վայրից տեղափոխված առևտրային ուղղվածություն ունեցող տաղավարների տեղադրում ներառող կառուցապատման որևէ ծրագիր նախատեսված չէ»,- ասված է հայտարարության մեջ:

Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով են տրամադրում համայնքների ղեկավարները: 3-րդ հոդվածն էլ սահմանում է, որ Պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում են մրցույթով:

«Հատկանշական է այն հանգամանքը, որ Մաշտոցի պողոտայի և Կողբացի փողոցների հարևանությամբ գտնվող կանաչապատ տարածքում Երևան քաղաքի այլ վայրից (Աբովյան փողոցից) տեղափոխված առևտրային ուղղվածություն ունեցող տաղավարների տեղադրման կապակցությամբ հողի` վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու վերաբերյալ մրցույթ չի անցկացվել և Երևանի քաղաքապետի, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի, կամ էլ Երևան քաղաքի ավագանու կողմից խնդրո առարկա հանդիսացող տարածքը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու վերաբերյալ համապատասխան ակտ չի կայացվել»,- ասված է հայտարարության մեջ:

Կարինե Իոնեսյան

Աղբյուրը՝ www.hra.am