Նորություններ

Բաց նամակ գլխավոր դատախազին

06.03.2012

Ստեփան Հովակիմյանի հայրը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ հայտնելով, որ Մոսկվա կինոթատրոնից գողություն կատարելու մեղադրանքով իր որդուն՝ Ստեփան Հովակիմյանին և նրա ընկերոջը՝ Վահրամ Քերոբյանին առանց հիմնավոր փաստերի ձերբակալել են ու արդեն 2 տարուց ավելի է, ինչ պահում են անազատության մեջ:

Հիշեցնենք, որ Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը մեղադրվումեն «Մոսկվա» կինոթատրոնից 5 մլն 80 հազար դրամ և 10 հազար ռուսական ռուբլի գողանալու մեջ: Գործի հիմքում ընկած է Ս. Հովակիմյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որն, ինչպես նա է հետագայում հայտարարել, կորզվել է բռնությունների միջոցով։ Այդ կապակցությամբ ևս ընթանում է առանձին դատական գործ:

Իր նամակում հայրը խնդրում է, որ անթույլատրելի կճանաչվեն բռնության և ճնշումների միջոցով ստացված ապացույցները, ապահովվի արդար դատաքննության իրավունքի իրականացումը և կատարվի խոշտանգումների վերաբերյալ հայտարարությունների լիարժեք քննություն:

«Հարգարժան պարոն Գլխավոր Դատախազ, տվյալ դեպքում ակնհայտորեն խախտվել են արդար դատաքննության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները: Հավատցնում եմ Ձեզ, որ քր.գործում առկա են բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են ոստիկանների ապօրինի գործողությունների և հնարավոր խոշտանգումների մասին, սակայն մեր կողմից ներկայացված փաստերը հաշվի չեն առնվում:  Դատավարությունը անհարկի ձգձգվում է, որի հետևանքով խախտվում է ողջամիտ ժամկետում գործի հրապարակային քննության իրավունքը»,- մասնավորեցված է դիմումի մեջ:

Հիշեցնենք նաև, որ այս գործի առընչությամբ 2011թ.-ին նույն դատախազին դիմել են ճանաչված 20 մտավորականներ ու հասարակական գործիչներ:

Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am