Նորություններ

Շաբաթական երեք դատական նիստ՝ Արտակ Նազարյանի մահվան գործով

12.03.2012

Դատավոր Սամվել Մարդանյան

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը, հաշվի չառնելով Արտակ Նազարյանի գործով դատավարության մասնակիցների Երևանում ապրելու հանգամանքը, ծանուցագիր է ուղարկել նրանց, որ մարտ ամսից շաբաթական երեք նիստ է գումարելու Իջևանում:

Արտակ Նազարյանի քրոջ՝ Ծովինար Նազարյանի պնդմամբ, նիստերը հաճախ վերածվում են պարզապես երկխոսության ու հակասությունների դատավոր Սամվել Մարդանյանի և նիստի մյուս մասնակիցների միջև:

«Դատավորի համար միևնույն է, որ մենք հիմնականում Երևանում ենք ապրում ու աշխատանք ունենք և չենք կարող միայն իր քմահաճույքից ելնելով շաբաթը երեք օր բնակվել Իջևանում»,- ասում է Ծովինար Նազարյանը:

Հիշեցնենք, որ Արտակ Նազարյանը սպանվել է 2010թ. հուլիսի 27-ին, ծառայության վայրում՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում («Ղոզլու»), որի ավագն էր: ՀՀ ՊՆ քննչական ծառայության կատարած նախաքննությունն ավարտվել է, և գործը դատարան է մտել որպես «ինքնասպանության դրդում»: Մինչդեռ, Նազարյանները պնդում են, որ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով՝ընդհուպ մինչև ապացույցների ոչնչացում և կեղծում:

Դատավարությունը սկզբում ընթանում էր Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում, հետո՝ արտագնա նիստերով Երևանում՝Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում, իսկ այս տարվա հունվարից դատավարությունը տեղափոխվել է Իջևան:

Նախորդ դատական նիստի ժամանակ՝ մարտի 6-ին, հարցաքննվել է գործով կարևոր 4 վկաներից մեկը՝ Արտակ Նազարյանի տեղակալ, կրտսեր սերժանտ Արտակ Հովհաննիսյանը: Նրան հարցաքննել են  մեղադրող ու տուժող կողմերը, ինչպես նաև՝ մի քանի հարց է հղել պաշտպանական կողմը:

Հովհաննիսյանը տուժող կողմին հայտնել է, որ ինքը չի տեսել, թե ինչպես է Նազարյանն ինքնասպան եղել: Նա այդպես էլ  չի կարողացել պատասխանել տուժող կողմի այն հարցին, թե ինչպես է ինքը պնդում, որ Նազարյանը ինքնասպան է եղել, երբ դա սեփական աչքերով չի տեսել:

Ծովինար Նազարյանը համոզված է, որ դատախազն ու դատավորն ամեն ինչ անում են, որ վկաները կրկնեն նախաքննության ժամանակ ասված ցուցմունքները, բայց վկաները շատ հաճախ չեն կրկնում որոշ հատվածներ իրենց ցուցմունքներից՝ նշելով, որ մոռացել են:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա վաղը՝ մարտի 13-ին, որի ընթացքում պաշտպանական կողմը կշարունակի հարցաքննել գործով վկա Արտակ Հովհաննիսյանին:

Լուսանկարը՝ court.am-ի

Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am