Նորություններ

Հայաստանում կա՞ 332.333 հա անտառածածկ տարածք

13.03.2012

19 տարվա ընթացքում Հայաստանում վերացել է մոտ 2 հազար հեկտար անտառ. «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը GTZ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող հեռավոր զոնդավորման նախագծի շնորհիվ պարզել է, որ Հայաստանում անտառածածկ տարածքը կազմում է 332.333 հա:

«Վերջին անգամ նման ուսումնասիրություն արվել է 1993թ., երբ անտառները կազմում էին 334,100 հա տարածք: Ու թեև դրանից հետո տարբեր կազմակերպություններ տարբեր թվեր են հրապարակել, դրանցից ոչ մեկը չի կարելի փաստացի համարել, քանի որ այսպիսի լուրջ հետազոտություն դեռ չէր արվել »,- համոզված է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: Նշենք, որ այս թվերը չեն ներառում թփուտները, պուրակները և այլ ծառապատ տարածքները, որոնք չեն համապատասխանում անտառի չափանիշներին:

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը պնդում է, որ հրապարակած այդ թվերը կապ չունեն իրականության հետ:

«Թող ասեն` որ կազմակերպություններն են, որ այդ տվյալները տվել են նրանց: Հայաստանում չկա որևէ ՀԿ, որն անտառահատումների մասին ճշգրիտ տվյալներ ունենա: Ամենաքիչը տարեկան 600-700 հազար խորանարդ մետր անտառ են հատում: Հարյուրավոր հեկտարներ էլ հանքաարդյունահանման արդյունքում են հատում ու դրանք անօրինական չեն համարում»,- ասում է Սանասարյանը:

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը հիշեցրեց ENPY FLEG միջազգային կենտրոնի հետազոտությունների մասին, որոնց համաձայն՝ նույն 2011թ. վառելափայտի պահանջը Հայաստանում կազմել է տարեկան ամենաքիչը 450 հազար խորանարդ մետր:

«Ինձ համար ENPY FLEG կազմակերպության թվերն ավելի արժանահավատ են, հատկապես, որ նրանք նշում են, որ անօրինական հատումների ծավալը 80 անգամ բարձր է պաշտոնական թվերից: Բացի այդ համոզված եմ, որ այս տարի այդ թվերն ավելին են լինելու, քանի որ նման ցուրտ ձմռան արդյունքում հաստատ ավելի շատ ծառահատումներ են եղել գյուղական բնակավայրերում»,- կարծում է Զարաֆյանը:

Ռուբեն Պետրոսյանը նաև նշեց, որ այս տարի նվազել են անտառային հրդեհները, բայց իրավիճակը դեռ մտահոգիչ է: 12 տարվա ընթացքում՝1998-2010թթ. այրվել է 2460 հա տարածք, իսկ վերջին երկու տարիների ընթացքում ՝ 2010-2011թթ. 810 հա: Այսինքն՝ առաջիկա 10 տարիների թվային տվյալները կարող են ավելի մեծ թվեր կազմել: Անտառային պետական մոնիտորինգի կենտրոնը և տարբեր շահագրգիռ հասարակական կազմակերպություններ նաև պարզել են, որ 2011թ. 3216 ծառ է ապօրինի հատվել, որը նախորդ տարիների համեմատ ավելի քիչ է:

Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am