Նորություններ

ԶԼՄ-ների դեմ հայցերը կպակասեն. կարծում է Արամ Աբրահամյանը

13.03.2012

Արամ Աբրահամյան

Նախընտրական շրջանում կլինեն ավելի սուր քննադատություն պարունակող հրապարակումներ, բայց վիրավորանքի և զրպարտության հոդվածով ԶԼՄ-ների դեմ դատական հայցերի թիվը չի շատանա. կարծում է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում նա ասաց, որ լրատվամիջոցների դեմ դատական հայցերը պակասել են Արևմուտքի ճնշման ազդեցությամբ:

Ա. Աբրահամյանը կանխատեսում է, որ ընտրությունների օրը լրագրողների վրա կլինեն նաև ֆիզիկական ճնշումներ. «Եթե տեղամաս մտնեն հաստ վիզ ունեցողները և սկսեն լցոնել, իսկ լրագրողները դա նկարահանեն կամ լուսանկարեն, այդ հաստ վիզ ունեցողները կհարձակվեն լրագրողների վրա և կխոչընդոտեն նրանց աշխատանքը, իսկ ոստիկանությունը կլինի ոչ թե լրագրողի, այլ՝ նրանց կողմը»:

Փաստաբան Դավիթ Թումասյանը նշեց, որ 2011թ. վիրավորանքի և զրպարտության հոդվածով ամենաշատ դատական հայցերը եղել են «168 ժամ» և «Հրապարակ» թերթերի դեմ: Նա նկատեց, որ հայցերի մեծ մասն ավարտվում է հաշտությամբ, որովհետև դատավարությունը տևում է երկար, ինչը ձեռնտու չէ երկու կողմերին էլ: Իսկ դատարանի կողմից կայացված վճիռների մեծ մասը վերաբերում են հերքում տպագրելուն և նյութական փոխհատուցում տրամադրելուն:

Արամ Աբրահամյանի կարծիքով՝ զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացմանը հաջորդած դատական հայցերի մեծ ալիքը պայմանավորված էր ոչ թե նրանով, որ լրատվամիջոցներիրց շատերը չունեին էթիկայի կանոնագիրք, այլ պարզապես հայց ներկայացնողները ոգևորված էին թերթերից գումարներ կորզելու մտքից։

«Մարդուն նստացնելը մի բան է, նրանից գումար վերցնելը՝ այլ բան: Իշխանավորները, օլիգարխները (և ոչ միայն), ոգևորվեցին՝ ահա, մենք այս թերթը կսնանկացնենք մեր հայցերով»,–ասաց Արամ Աբրահամյանը:

Դատական հայցերի մեծ ալիքը, նրա խոսքերով, հանդարտվեց այն բանից հետո, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները և եվրոպական կառույցները մտահոգություն հայտնեցին, որ դա Հայաստանի դեմ է աշխատում և պատիվ չի բերում ժողովրդավար երկրին:

Դավիթ Թումասյանը նկատում է, որ դատական հայցերը նաև ավելի զգուշավոր են դարձրել ԶԼՄ-ներին. «Եթե լինեք անկեղծ, կխոստովանեք, որ յուրաքանչյուր դատական գործի արդյունքում դուք փոփոխել եք ձեր գրելու ոճը՝ տեսնելով, թե ինչն է եղել խնդիրը, որից ելնելով գործը հասել է դատարան»:

Փաստաբանը հավելում է, որ զրպարտություն կամ վիրավորանք պարունակող տեղեկատվություն տպագրելը և միևնույն նյութի մեջ հակառակ կողմի կարծիքը դնելը դեռ հերքում չի նշանակում, որովհետև հերքվում է արդեն իսկ հրապարակված տեղեկատվությունը:

Արամ Աբրահամյանն այն համոզմանն է, որ եթե լրագրողը դրսևորում է պատշաճ պրոֆեսիոնալիզմ և նրա նպատակը ոչ թե վիրավորելն է, այլ՝ տեղեկատվություն հաղորդելը, ապա նա կգտնի ամենասուր միտքը ճիշտ մատուցելու ձևը, որպեսզի ապահովագրված լինի դատական հետևանքներից:

«Հոդված գրելիս ես ամենախարազանող ածականը երկրորդ, երրորդ անգամ կարդալուց հետո փոխարինում եմ ավելի մեղմ բառով: Դրանից բովանդակությունը մնում է նույնը, բայց ձևը լինում է տարբեր և դա օգնում է մեզ պաշտպանվել»,- իր փորձը կիսում է «Առավոտի» խմբագիրը:

Այդուամենայնիվ, նա խորհուրդ չի տալիս նահանջել լրագրողական ազատություններից և կարծում է, որ առաջին հերթին լրագրողը պատասխանատու է իր ընթերցողի առջև:

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am