Նորություններ

Մեկ ամսից ավելի է պայքարում են Մաշտոցի պուրակի համար

15.03.2012

Մարտի 15-ին Մաշտոցի պուրակի խնդրով անհանգստացած մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Կառավարության շենքի առջև` իրենց բողոքն արտահայտելու նախորդ երեկոյան ոստիկանների կողմից խաղաղ նստացույցի մասնակիցներին խոչընդոտելու և նրանց այգուց հեռացնելու համար:

Այն բանից հետո, երբ ակտիվիստները հայտարարել էին, որ կրպակների ապամոնտաժելու իրենց պահանջը չկատարելու դեպքում նստացույց են սկսելու, այգում կրկին հայտնվել էին մարտի 8-ից հետո հանված արգելապատնեշները:

«Նստացույցի ժամանակ պատսպարվելու տեղ էր պետք ակտիվիստներին, ուստի մեկ վրան որոշվեց դնել, այն էլ ոչ փողոցի վրա, կամ ոչ այնպիսի տեղ, որ կխոչընդոտեր մարդկանց անցուդարձը: Բացի այդ չկա որևէ օրենք կամ ենթաօրենսդրական ակտ, որով արգելվում է վրան դնել հանրային այգում,-ասում է ցույցի մասնակից Գրիգոր Ղազարյանը:

Մարտի 13-ին ակտիվիստները տեղադրեցին մեկ վրան:

«Ոստիկանները վկայակոչում էին, որ վրանն ակցիա անցկացնելու պարագաների մեջ չի մտնում: Այնուամենայնիվ, նախնական պայմանավորվածությամբ մենք ասացինք, որ մեկ վրան կլինի, իրենք համաձայնեցին, որ մեկից ավել վրան չլինի, և ակտիվիստները բավարարվեցին դրանով, և հերթով գիշերում էին դրա մեջ: Ակցիայի ընթացքում բազմաթիվ մարդիկ միացան, և երևի դրանից մտավախություն առաջացավ, որ շարժումը շատ է հզորանում, և արդեն երկրորդ օրը երեկոյան, առանց նախազգուշացնելու, նրանք երկու կողմից մոտեցան, քաշքշեցին, հրմշտեցին և վրանը պատառ-պատառ արեցին»,-պատմում է Գրիգոր Ղազարյանը:

Մարտի 14-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում,ոստիկանությունը վրանում գտնվող քաղաքացիներին պահանջ է ներկայացրել ապամոնտաժել վրանը:

Ակցիայի մասնակիցների խոսքերով՝ կրպակների հետնամասում մի քանի երիտասարդների գոռգոռոցի միջոցով փորձ է արվել շեղել ակտիվիստների ուշադրությունը, որից հետո 100-ից ավելի ոստիկաններ, հասարակական կարգը խախտողների խնդրով զբաղվելու փոխարեն, վազել են դեպի վրանի կողմը և վերացրել այն: Գրիգոր Ղազարյանը նաև ավելացրեց, որ ոստիկանությունը նման արարքից հետո նշել է, որ ակտիվիստները կարող են գնալ ոստիկանություն և համապատասխան դիմումով հետ վերցնել վրանը:

Մարտի 14-ի երեկոյան ոստիկանությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ . «վրանների կամ այլ նմանատիպ առարկաների տեղադրումը հասարակական վայրերում արգելված է, և ոստիկանության կողմից հանդուրժվել է սոսկ իրավիճակի անհարկի սրումը կանխելու նկատառումներով», և որ ոստիկանության՝ վրանը ապամոնտաժելու պահանջը չկատարելուց հետո, իրենք են ձեռնամուծ եղել ապամոնտաժել այն:

Ոստիկանների այս քայլը ակտիվիստները նկարագրում են որպես «ամենաէժանագին և ստոր քայլ, երբ բեմադրություն կազմակերպելով հարձակվում են խաղաղ հավաքի մասնակիցների վրա, երբ նրանց թիվն անհամեմատ քիչ էր, քան ոստիկանների թիվը»:

Ոստիկանները պնդում են, որ նստացույցի մասին անհրաժեշտ էր նախօրոք տեղեկացնել ոստիկանությանը, մինչդեռ ակտիվիստները պնդում են, որ նրանք մարտի 13-ին նստացույցը սկսելու և վրան տեղադրելու մասին հայտարարություն են արել, ինչը ՀՀ սահմանադրության շրջանակներում է և չի խախտում որևէ օրենք: «Սակայն ինչպես տեսնում ենք, հանդիպեցինք ՀՀ ոստիկանների բռնի գործողություններին: Նրանք պնդում են, որ մենք իրավունք չունենք վրաններ տեղադրել»,-նշում են ակտիվիստները:

Ոստիկաններից մեկը, մեր այն հարցին, թե նախօրոք հայտարարվել է վրանը վերացնելուն ուղղված գործողության մասին, պատասխանեց, որ ընդհանուր հայտարարություն է տարածվել այգում, որից հետո նրանք դիմել են համապատասխան քայլերի: Սակայն ակտվիստները նշում են, որ ոստիկանները գործել են առանց հայտարարություններ անելու:

Ավելացնենք, որ ցույցի ժամանակ ակտիվիստները նաև վկայակոչեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կատարած հայտարարությունը, համաձայն որի՝Մաշտոցի այգու նստացույցի ժամանակ տեղադրված վրանը հարկադրաբար հանելը ոստիկանության կողմից ոչ իրավաչափ գործողություն է և ակտիվիստներն իրավունք ունեն տեղադրել վրան:

Կառավարության շենքի մոտ իրենց ցույցը ավարտելուց հետո, ակտիվիստները շարժվեցին դեպի այգի, որտեղ նրանց դիմավորում էին մոտ 60 ոստիկան: Չնայած ակտիվիստները դադարեցրել են նստացույցը, բայցշարունակելու ենիրենց պայքարը` պահանջելով կրպակների անհապաղ ապամոնտաժում:

Սոֆյա Մանուկյան

Աղբյուրը՝ www.hra.am