Նորություններ

Հայաստանի յուրաքանչյուր բնակչի բաժին է ընկնում 0,1 հա կանաչ զանգված

21.03.2012

Հայաստանի ամեն մի բնակչի 291 անգամ քիչ թթվածին է բաժին ընկնում՝  ԱՊՀ տարածաշրջանի բնակիչների հետ համեմատած: Եթե ԱՊՀ մյուս երկրներում յուրաքանչյուր մարդու բաժին է ընկնում 29,1 հա կանաչ զանգված, Հայաստանում այդ թիվը՝ 0,1 է: Այս մասին այսօր հայտարարեց «Հայաստանի անտառներ» ՀԿ նախագահ Նազելի Վարդանյանը:

«Դա էլ հիմնական պատճառն է դառնում, որ Հայաստանում ավելանան շնչուղիների, սրտանոթային ու քաղցկեղածին հիվանդությունները»,- փաստում է  Վարդանյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավարի տեղակալ Ռուբեն Պետրոսյանը համաձայն է Վարդանյանի հրապարակած թվերի հետ և նշում է, որ դրա համար կան օբյեկտիվ պատճառներ:

Ընդհանրապես  հարթավայրային երկրների համար 20-30 տոկոս անտառածածկ լինելը համարվում է օպտիմալ, իսկ լեռնային երկրների համար՝ 30-50 տոկոսը: Հայաստանն իր անտառածածկով այսօր անգամ չի հասնում 20 տոկոսի:

«Դրան հասնելու համար մենք երկու անգամ պետք է ավելացնենք մեր անտառածածկ տարածքները, որ գոնե 50-60 տարի հետո 20 տոկոս անտառածածկ տարածք ունենանք: Իսկ դա հսկայական ներդրումների պատմություն է, քանի որ  տարեկան պետք է ամենաքիչը 5000հա ծառ տնկել: Իսկ հիմա մենք միայն հարյուրավոր հեկտարներ ենք տնկում» ,- ասում է Պետրոսյանը:

Հաջորդ խնդիրն ապօրինի անտառհատումներն են: Անտառայինպետականմոնիտորինգիկենտրոնի տվյալներով՝ 2011թ.-ին ապօրինի ծառահատվել է 3216 ծառ: Նազելի Վարդանյանը համոզված է, որ այդ թիվն անհամեմատ ավելի մեծ է, քանի որ գյուղերում ամեն մի ընտանիք տարեկան վառում է 12-15 հա փայտանյութ:

«Նաև գեներալների առջև արգելքենր չկան, ու նրանք հատուկ փաստաթղթեր ստանալով մի քանի անգամ են հատում իրականացնում մեկի փոխարեն՝ 10 անգամ գերազանցելով պետության կողմից թույլատրված քանակը: Եթե պետությունը թույլատրում է տարեկան 30-40 հազար խորանարդ մետր  հատել, ապա այսօր այդ թիվը կազմում է 300-400 հազար խորանարդ մետր»,- ասում է Վարդանյանը:

Նա համարում է, որ պատճառներից մեկն այն է, որ օրենսդրորեն անտառապահին չեն լիազորում տեղում ակտ կազմել ու առգրավել հատած ծառերը: Անտառապահներին նաև  չեն տրամադրում ավտոմեքենա, զենք, որոնք անհրաժեշտ են հսկայական տարածքները հսկելու համար: Ն. Վարդանյանի խոսքերով՝ անտառապահներից յուրաքանչյուր երրորդը դատվածություն ունի հենց նույն անտառային գործերի հետ կապված ու այսօր շատերն այդ պատճառով չեն ուզում անտառապահ դառնալ:

Վարդանյանի համոզմամբ՝ անտառների հետ կապված հաջորդ խնդիրն այն է, որ հաճախ ՀՀ կառավարությունը, առաջնորդվելով սխալ քարտեզներով անտառածածկ, արգելոցային հողերի կարգավիճակը փոխում է տարբեր հանգստյան տներ կառուցելու համար:

Իսկ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավարի տեղակալ Ռուբեն Պետրոսյանի բարձրաձայնեց նաև մի ապագա խնդրի մասին. նոր տնկված անտառները առաջացնում են տեսակաշարի փոփոխություն՝ հաճարուտները փոխարինվում են ավելի ցածրորակ ծառերով, քանի որ նոր ընտրված տարածքներում հնարավոր չէ անտառային ծառեր տնկել: 

Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am