Նորություններ

«Թռչկանը» չի մասնակցելու Թեղուտի հանքավայրի ծրագրի քննարկմանը

22.03.2012

Նկարը՝ Մարիամ Մելքումյանի

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ չի մասնակցելու վաղվա «Թեղուտում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման եւ պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի» վերաբերյալ հանրային քննարկմանը։ 

Հայտարարությունն ամբողջությամբ ստորև.    

«Սույն թվականի մարտի 19-ին, «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության մի քանի ակտիվիստներ իրենց էլեկտրոնային փոստերի վրա ստացել են «Թեղուտում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման եւ պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի» վերաբերյալ հանրային քննարկման մասնակցելու հրավեր, որը կազմակերպվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ:

Քննարկումը պետք է տեղի ունենա սույն թվականի մարտի 23-ին' ժամը 12:00-ին Վանաձոր քաղաքի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում /Վանաձոր, Տիգրան Մեծի պողոտա 2 հասցեում/: Սույն հրավերով մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ՀՀ վարչապետի 13.03.2012թ. թիվ 212-Ա որոշմամբ ստեղծվել է ինչ-որ աշխատանքային խումբ, որում ընդգրկված չեն հասարակական կառույցների ներկայացուցիչները՝ վերոնշյալ հանրային քննարկումը կազմակերպելու նպատակով:
Սույնով հայտարարում ենք, որ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամները չեն մասնակցելու վերոնշյալ քննարկմանը, քանի որ.

1. մեզ համար պարզ չէ թե ինչ նպատակ է հետապնդում տվյալ հանրային քննարկումը, թե սա ևս նախընտրական քարոզարշավի համար նախատեսված միջոցառում է,

2. ինչ արդյունքներ են ակնկալվելու հանրային քննարկումներից, մասնավորապես արտահայտված բացասական կարծիքների մասով,

3. արդյոք հանրային քննարկման արդյունքում արտահայտած կարծիքներն ազդեցություն են ունենալու ՀՀ կառավարության որոշումների կայացման վրա,

4. ինչ օրակարգ է, ովքեր են բանախոսները, ում միջոցներով է այն կազմակերպվում:
Բացի այդ, հասկանալի չէ նաև, թե ինչի համար է ընդհանրապես ստեղծվել այդ աշխատանքային խումբը, եթե կառավարությունն անընդհատ թմբկահարում է, որ խնդրո առարկա հանդիսացող ծրագիրը Հայստանի պատմության ամենակարևոր ծրագրերից մեկն է և հաշվի չեն առնվում և մինչև օրս ի կատար չեն ածվում Հայաստանի վերաբերյալ ընդունված Օրհուսի համապատասխանության կոմիտեի որոշումները:

Կարծում ենք, որ այս ձեւաչափով հանրային քննարկում կազմակերպելն արդյունավետ չէ, չի բխում ոչ հանրության, եւ ոչ պետության շահերից:

Փաստում ենք նաեւ, որ հասարակական կազմակերպությունները եւ քաղաքացիական նախաձեռնությունները բազմիցս արտահայտել են իրենց դժգոհություններն ու իրավական հիմնավորումները' Թեղուտի և այլ նոր բացվող մետաղային հանքավայրերի շահագործման ծրագրերի հակաբնապահպանական, հակատնտեսական, հակապետական լինելու մասին, և չնայած այդ ամենին, դրանք համապատասխան ուշադրության չեն արժանացել թե կառավարության, թե ծրագիրն իրականացնող ընկերությունների կողմից:

Հետևապես, վերոշարադրյալից ելնելով մեզ թույլ ենք տալիս արձանագրելու, որ նմանատիպ ֆորմատով քննարկումներն ու լսումները ձևական և իմիտացիոն բնույթ են կրում, որին մենք աննպատակահարմար ենք գտնում մասնակցել և ներգրավել նմանատիպ միջոցառումներին:
Եվս մեկ անգամ պահանջում ենք ՀՀ կառավարությունից անհապաղ դադարեցնել Թեղուտի հանքավայրում ներկայումս ընթացող բոլոր աշխատանքները, եւ միայն դրանից հետո կատարել նոր համալիր բնապահպանական, տնտեսական եւ տեխնիկական ուսումնասիրություններ' հասկանալու համար, թե Թեղուտի, թե մյուս հանքավայրերի շահագործման ներկայիս ծրագրերի արդյունավետությունն ու նպատակահարմարությունը մեր պետության եւ բնակչության համար»:


Աղբյուրը՝ www.hra.am