Նորություններ

Ապամոնտաժելու են. մտավորականները հետ չեն կանգնել իրենց որոշումից

30.03.2012

Չնայած Մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ ոստիկանության հորդորներին՝ 10 մտավորականներ պատրաստվում են վաղը՝ մարտի 31-ին, ժամը 13:00-ին, ապամոնտաժել Մաշտոցի պուրակում կառուցված կրպակները: Ակցիային անմիջական չեն մասնակցելու, բայց սատարելու են Մաշտոցի պուրակում արդեն 2 ամիս պայքարող երիտասարդներն ու ՀՀ քաղաքացիները:

«Հնչել են, իհարկե, կարծիքներ ՄԻՊ-ի ու ոստիկանության կողմից, բայց ապամոնտաժման գործընթացը միևնույնն է տեղի կունենա, քանի որ մտավորականներից և ոչ մեկը պաշտոնապես չի հրաժարվել իր մտադրությունից»,-www.hra.am –ին հաղորդեց ակտիվիստներից Հրայր Սավզյանը:

Հիշեցնենք, որ արդեն երկու ամիս է, ինչ Մաշտոցի պուրակում երիտասարդները պայքարում են, որ քաղաքապետարանի կողմից կառուցված կրպակները ապամոնտաժվեն ու այգին վերադարձվի հանրությանը: Նրանք իրենց պայքարը հիմնավորում են 10-ից ավելի օրենսդրական դրույթներով, սակայն քաղաքապետարանը չի կատարում նրանց պահանջը:

Ակտիվիստներն էլ ստիպված մարտի 8-ին ձևավորել են սեփական «Քաղաքացիական արդար և անկախ դատարան»: Մարտի 17-ին իրենց դատարանի կողմից կայացրած վճռով պահանջել են Երևանի քաղաքապետարանին 10-օրյա ժամկետում պուրակը բարեկարգել, ապամոնտաժել տաղավարները և տարածքն օգտագործել իր նպատակային նշանակությանը համապատասխան:

Մաշտոցի պուրակի համար պայքարող ակտիվիստ մտավորականներից ձևավորվել է 10 հոգանոց մի խումբ, որն էլ որոշել է իրականցնել այդ գործընթացը ու այդ մասին ակտիվիստները բաց նամակով հայտնել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: ՀՀ ոստիկանությունը որպես պատասխան հայտարարել է.

«Նշված ապօրինի գործողությունները կարող են որակվել որպես իրավախախտում և աոաջացնել օրենքով սահմանված պատասխանատվություն: Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ այդ տարածքում շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ կայացված վարչական ակտը կարող է վիճարկվել միայն դատական կարգով: Այլ անձանց սահմանադրական իրավունքները սահմանափակող, այդ թվում՝ սեփականության իրավունքի իրացմանը խոչընդոտող և հասարակական կարգի պահպանությանն ու հասարակական անվտանգության ապահովմանը սպառնացող ցանկացած գործողություն դիտվելու է որպես սահմանված կարգի խախտում և օրենքով ամրագրված հիմքերի առկայության դեպքում կհանգեցնի հարկադրանքի կիրառման»:

Անհանգստություն է արտահայտել նաև ՀՀ մարդու իրավուքնների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նա կոչ է արել նախաձեռնության մասնակիցներին զերծ մնալ սեփական նախաձեռնությամբ մասնավոր իրավաբանական անձի պատկանող տաղավարների ապամոնտաժման գործողություններից, որոնք կարող են գնահատվել որպես ՀՀ օրենսդրության պահանջներին ուղղակիորեն հակասող գործողություններ` հանգեցնելով համապատասխան իրավական հետևանքների:

«Հորդորում ենք մեր համաքաղաքացիներին շարունակել իրենց համոզմունքների և հայացքների համար պայքարը` բացառապես իրավական գործընթացների շրջանակներում և օրենքով չարգելված բոլոր միջոցներով: Մինչև տվյալ խնդրի վերաբերյալ առաջիկա շաբաթներին հանրությանն իմ վերջնական իրավական գնահատականը ներկայացնելը, որպես ընդհանուր սկզբունք բոլոր իրավիճակների համար, անհրաժեշտ եմ համարում նշել, որ նույնիսկ ապօրինի գործողություններին չի կարելի հակազդել ապօրինությամբ»,- ասված է Անդրեասյանի հայտարարության մեջ:

Բնապահպան ակտիվիստները ևս մեկ գիշեր կանցկացնեն Մաշտոցի պուրակում, իսկ թե ոստիկանության և օմբուդսմենի հորդորներն ինչ ազդեցություն կունենան Քաղաքացիական դատարանի որոշումն իրականացնելու գործի վրա, պարզ կդառնա վաղը։

Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am