Նորություններ

Արտակ Նազարյանի գործով վկան հակասական ցուցմունքներ տվեց

18.04.2012

Արտակ Նազարյանի գործով դատավարություն, 17.04.2012թ.

Պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մահվան գործով առանցքային վկա, «Մեհրաբներ» զորամասի գրագիր Գարեգին Սայադյանըդատարանում խնդրեց հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքը, քանի որ երկու տարի է անցել ու «ոչինչ չի հիշում»:

Ապրիլի 17-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը:

Նիստին հարցաքննվող զորամասի գրագիր Գարեգին Սայադյանը հայտարարեց, որ ոչինչ չի հիշում և դատարանին խնդրեց հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները: Սակայն հարցաքննության ժամանակ այնպիսի տպավորություն էր, որ վկան շատ բաներ հիշում է, պարզապես խուսափում է պատասխանել՝ պատճառաբանելով, որ չի հիշում: Սայադյանը դատարանում խոսում էր ցածր ձայնով, վախվորած նայում էր իր նախկին ծառայակիցների դեմքերին:

Նա իր ցուցմունքում նշեց, որ Արտակ Նազարյանը մահվանից ժամեր առաջ եղել է շփոթված վիճակում, անհանգիստ քայլել է, իր հարցերին տվել է կարճ պատասխաններ: Սակայն, դրան նախորդած գիշերը, ըստ ցուցմունքի, Արտակը սուրճ է պատրաստել իր և վկա Սայադյանի համար: Այդպես էլ պարզ չդարձավ, թե ի՞նչ է եղել այդ մի քանի ժամվա ընթացքում, ինչը կարող էր դրդել Արտակ Նազարյանին «ինքնասպան» լինել:

Գարեգին Սայադյանը Նազարյանի մահվան դեպքից հետո 9 օր գտնվել է Բերդի ռազմական ոստիկանությունում: Նույն խցում պահվել են գործով այլ վկաներ, ինչը Քրեական դատավարության օրենսգրքի 106-րդ հոդվածի խախտում է:

Վկան դատարանում ասաց, որ ռազմական ոստիկանությունում հարցաքննության ժամանակ իրենց փաստաբան չեն առաջարկել: Ամբաստանյալների պաշտպանների հարցերին ի պատասխան՝ Սայադյանը նշեց, որ խցում պահվելու ժամանակ ինքն ու ծառայակիցները քննարկել են քննիչի կողմից  իրենց տրված հարցերը, սակայն միմյանց չեն ասել, թե ինչպես են պատասխանել այդ հարցերին:

Հակասական էր ամբաստանյալների վերաբերյալ վկա Սայադյանի ցուցմունքները:

Նա դատարանում պնդում էր, որ ավագ-լեյտենանտ Վահագն Հայրապետյանը  բաժանել է իրար հետ կռվող Հակոբ Մանուկյանին և Արտակ Նազարյանին, և հարվածել է Նազարյանին: Սակայն չէր հիշում, թե Հայրապետյանը ինչպե՞ս է հարվածել Արտակին:

Նա նաև պնդում էր, որ ամբաստանյալ, գումարտակի հրամանատարի տեղակալ Հակոբ Մանուկյանը հայհոյել է Արտակ Նազարյանին, սակայն չէր հիշում, թե կոնկրետ ի՞նչ հայհոյանքներ է տվել:

Ամբաստանյալ Մխիթար Մխիթարյանի հայրը՝ Մանվել Մխիթարյանը, լսելով վկայի ցուցմունքները, դատարանում հայտարարեց, որ դատից առաջ Գարեգին Սայադյանն իրեն հավաստիացրել էր, որ ամբաստանյալ զինվորները մեղք չունեն, և ինքը դատարանում կասի ճշմարտությունը: Կարգը  խանգարելու պատճառաբանությամբ դատավոր Սամվել Մարդանյանը դատական կարգադրիչներին հրահանգեց դահլիճից հեռացնել Մանվել Մխիթարյանին և նա չմասնակցեց նիստին: 

Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ վկայի ցուցմունքները  լսելուց հետո ինքը դատարանին միջնորդություն է ներկայացնելու, որպեսզի սուտ վկայություն տալու համար Գարեգին Սայադյանի նկատմամբ քրեական գործ հարուցվի: Նա նիստի սկզբում վկային խորհուրդ էր տվել դատարանում ճշմարտությունն ասել, և զգուշացրել էր, որ եթե նախկինում ճնշումների տակ կեղծ ցուցմունքներ է տվել, ապա դրա համար պատասխանատվության չի ենթարկվելու:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 18-ին՝ ժամը 12-ին: Այդ օրը կշարունակվի վկա Գարեգին Սայադյանի հարցաքննությունը: Թեև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանն այդ օրն այլ գործով նիստ ուներ, սակայն դատավոր Մարդանյանը հրաժարվեց նիստի օրը փոխել:

Ոսկան Սարգսյան

Իջևան 

Աղբյուրը՝ www.hra.am