Նորություններ

«Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանը Վանաձորում էլ «ստոպ» ասացին

18.04.2012

Ցուցարարները կոտրել են ՀՔԱՎ գրասենյակի պատուհանը

«Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնի շուրջ ստեղծված կրքերը չեն հանդարտվում: Ապրիլի 17-ին հայտարարություն է տարածել Human Rights Watch միջազգային կազմակերպությունը՝ դատապարտելով Վանաձորում իրավապաշտպան կազմակերպության գրասենյակի վրա հարձակումը: Խնդրի վերաբերյալ իրավական տեսանկյունից հայտարարություն է արել նաև Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

«Ադրբեջանական ֆիլմարտադրողի ֆիլմի ցուցադրության որոշումը կարող է  վրդովեցնել կամ վիրավորել ինչ-որ մեկին, բայց դա ոչ մի կերպ չի արդարացնում այսպիսի խմբակային բռնությունը կամ կինոփառատոնի չեղյալ հայտարարելը», -գրված է Human Rights Watch-ի հայտարարության մեջ:

Կազմակերպությունը գտնում է, որ «իշխանությունները պետք է շտապ հետաքննեն միջադեպը և երաշխավորեն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի անձնակազմի (ՀՔԱՎ)անվտանգությունն ու ապահովությունը»: 

Հիշեցնենք, որ ֆիլմերը նախ չցուցադրվեցին Գյումրի քաղաքի «Ասպարեզ» մամուլի ակումբում: Ապրիլի 12-ին այնտեղ ցուցարարները շրջապատել էին «Ասպարեզի» շենքը, վիրավորական արտահայտություններ էին գրել մամուլի ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի ավտոմեքենայի վրա, հարվածել ու քաշքշել էին ցուցադրության կազմակերպիչ, «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» ղեկավար Գեորգի Վանյանին:

Այս իրադարձություններից հետո Վանյանը հայտարարել էր, որ ֆիլմերի ցուցադրությունը չի կայանա, քանի որ մտահոգված է մարդկանց անվտանգության համար, և հեռացել էր Գյումրիից:

Դրանից հետո ՀՔԱՎ ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարեց փառատոնին աջակեցելու իր մտադրության մասին: Քաջ գիտակցելով, որ նույն պատմությունը կարող է կրկնվել, Վանյանը չհրաժարվեց ֆիլմերը Վանաձորում ցուցադրելու գաղափարից, բայց այստեղ նույնպես դիմադրության հանդիպեց:

36 հասարակական կազմակերպություններ հանդես եկան կոչով և հայտարարում էին, որ վանաձորցիները գյումրեցիներից պակաս պատվախնդիր մարդիկ չեն, և թույլ չեն տա, որ այդ «ազգադավ» միջոցառումը իրականանա Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին:

«Հարկ ենք համարում նաև նախազգուշացնել միջոցառման կազմակերպիչներին և նրանց օժանդակողներին, որ հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունը կրելու են միմիայն իրենք»,- ասված է հայտարարությունում:

ՀՔԱՎ գրասենյակը, ՎանաձորԱպրիլի 16-ին մոտ 200 ցուցարարներ հավաքվել էին ՀՔԱՎ գրասենյակի դիմաց՝ պահանջելով, որ կազմակերպությունն իր տարածքը չտրամադրի Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնին ֆիլմերի ցուցադրման համար:

Նույն օրը ՀՔԱՎ գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ ցուցարարները  քարեր և ձվեր են շպրտել գրասենյակի ուղղությամբ, ջարդել են գրասենյակի պատուհանները և սպառնացել անձնակազմին: Նետված քարերից մեկը դիպել է կազմակերպության աշխատակիցներից մեկին: 

ՀՔԱՎ գրասենյակի աշխատակիցները կարծում են, որ տեղի է ունեցել ոչ թե քաղաքացիների կողմից կարծիքի ազատ արտահայտում, այլ՝ բռնության և սպառնալիքների կիրառմամբ խոչընդոտվել է կազմակերպության կողմից իր տարածքը տնօրինելու իրավունքը, խաթարվել է կազմակերպության բնականոն գործունեությունը:

Հաջորդ օրը՝ ապրիլի 17-ին բաց նամակ է տարածել ՀՔԱՎ գրասենյակի խորհուրդը:

«Ցույցի և այս հարձակումների ողջ ընթացքում 4 ոստիկաններ գտնվել են ամբոխի կողքին և ոչ մի քայլ չեն ձեռնարկել: Որոշ ոստիկաններ կանգնած են եղել ամբոխի ետևում և ուղղակի դիտել են, թե ինչպես է հարձակումը տեղի ունենում: Կազմակերպությունը զանգահարել է ոստիկանության Վանաձորի բաժանմունք, սակայն ոստիկանները ժամանել են միայն ամբոխի հեռանալուց հետո»,- գրված է բաց նամակում:

Կազմակերպության խորհուրդը հայտարարում է, որ իրենք դեմ չեն ցույցեր անցկացնելու և սեփական կարծիքն արտահայտելու իրավունքին, սակայն մտահոգված են, որ ոստիկանությունը չի միջամտել, երբ տեղի են ունեցել բռնի գործողություններ:

Ըստ նույն նամակի՝ գրասենյակի ներսում և դրսում գտնվող անվտանգության տեսախցիկները տեսաձայնագրել են ամբողջ ընթացքը և տեսագրությունը տրամադրվել է ոստիկանությանը:  

Վանաձորյան իրադարձություններից հետո Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության դեմ պայքարող բլոգեր Տիգրան Քոչարյանը «Ֆեյսբուքում» գրեց.

«Վանաձորում էլ վանյանական Ազռների փառատոնը կանխվեց: Ապրի Լոռին, ապրի լոռեցին! Ապրեն գյումրեցիները! Հալալա ձեզ!!! Բրիտանական դեսպանատանը խորհուրդ կտայի, իր failed եղած կադռերից ազատվի ու մյուս անգամ հասկանա, որ պատերազմում հաղթած ազգի վզին միակողմանի բաներ չեն փաթաթում»:

Հիշեցնենք, որ Քոչարյանը www.hra.am -ին ավելի վաղ հայտնել էր, որ իր ունեցած տվյալներով՝ ֆիլմերի ցուցադրության համար Վանյանը ԱՄՆ դեսպանատնից դրամաշնորհ չի ստացել: Նա նամակով դիմել է դեսպանին և սպասում է պատասխանի: Վանյանը պնդում է, որ այս ծրագիրն իրականացնում է ԱՄՆ և Բրիտանիայի դեսպանատների աջակցությամբ:

Դեմ լինելով ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը անհրաժեշտ է համարել հայտարարությամբ հանդես գալ՝ դատապարտելով բռնությունները ցանկացած անձի և հատկապես՝ «հատուկ առաքելությամբ գործող անձանց՝ այդ թվում իրավապաշտպանների և լրագրողների նկատմամբ»:

«Բռնությունն իրավապաշտպանների և լրագրողների նկատմամբ ոչ միայն սոսկ հանցագործություն է, այլև խարան և ամոթ հասարակության համար: Առավել ամոթ կլինի, եթե նման գործողությունները չստանան հասարակության համարժեք արձագանքը, իսկ իրավապահ մարմինները լիարժեքորեն չպաշտպանեն իրավապաշտպաններին և չպատժեն մեղավորներին՝ օրենքի ողջ խստությամբ»,- ասված է ՄԻՊ հայտարարության մեջ: 

Անդրեասյանը կոչ է արել լինել իրական քրիստոնյա, քանի որ մարդասեր հայը, ժամանակակից եվրոպացին չի կարող քարերով արտահայտել իր անհամաձայնությունը, իսկ  օրենքի տառով գործող իրավապահը՝ անտարբեր լինել նման հանցագործության նկատմամբ:

Կարինե Իոնեսյան

Մերի Ալեքսանյան

Աղբյուրը՝ www.hra.am