Նորություններ

Ընտրությունների օրը 080-080-804 թեժ գիծն իրավական շտապ օգնություն կտրամադրի

20.04.2012

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն իրավական շտապ օգնության 30 ավտոմեքենաներով վերահսկելու է ՀՀ Ազգային ժողովի առաջիկա ընտրությունները: Մայիսի 6-ին մեքենաները շրջելու են ընտրատեղամասերով, արագ արձագանքելու են ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերին: Մեքենայում կլինեն մեկական լրագրող, փաստաբան և դիտորդ:

Ինչպես այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» (ՔՀԻ)խորհրդի նախագահ ԱրտակԿիրակոսյանը, այս նախաձեռնության միջոցով իրենք առաջին հերթին նպատակ ունեն կանխարգելելու ընտրակեղծիքները: Նման նախաձեռնությամբ ՔՀԻ-ն հանդես է գալիս 2007 թվականից սկսած, և Կիրակոսյանի հավաստմամբ՝ այն վերահսկողության արդյունավետ միջոց է:

080-080-804 թեժ գիծը նախընտրական և հետընտրական շրջանում իրավական խորհրդատվություն է տրամադրելու: Իսկ քվեարկության օրը՝ մայիսի 6-ին, ընտրախախտումներին արագ արձագանքելու են իրավական շտապ օգնության մեքենաները:

«Հատկապես կարևորում եմ լրագրողների դերն այս նախաձեռնության մեջ, ովքեր իրավաբանների ու դիտորդների միջոցով կկարողանան դեպքի վայրից հավաստի և թարմ տեղեկատվություն հաղորդել»,- նշեց Արտակ Կիրակոսյանը:

Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ ընտրությունների օրը տեղի ունեցող խախտումներից հիմնականում բողոքում են ընդդիմության ներկայացուցիչները, ասում է նա: «Ժամանակին Օրինաց երկիր» կուսակցությունից էին շատ զանգեր ստացվում, երբ ընդդիմություն էր: Այս տարի, ասում են, ավելի շատ Հայ ազգային կոնգրեսը կբողոքի: Ամեն դեպքում, մինչև ընտրությունների օրը չգա, ոչինչ չենք կարող ասել»,- ասաց ՔՀԻ խորհրդի նախագահը:

Նա նաև նշեց, որ ընտրություններից հետո, որպես կանոն, մարդիկ այլևս չեն բողոքում ու չեն հետևում, թե իրենց բողոքներն ինչ ընթացք ունեցան: Ամեն դեպքում, Կիրակոսյանի խոսքերով, այս տարի էլ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը պատրաստակամ է իրավական առումով գրագետ ձևակերպել արձանագրված խախտումները, անհրաժեշտության դեպքում նաև՝ հայցեր ներկայացնել դատարան:

Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am