Նորություններ

Զրկված են ընտրելու իրավունքից

04.05.2012

«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը և նրա պես ևս 6 հոգի այս անգամ էլ զրկված են իրենց ընտրելու իրավունքից, քանի որ չունեն գրանցում:

Բաղդասարյանը մեկն է այն տասնյակ մարդկանցից, ում ձեռքից վերցրել են սեփական բնակարանը Բյուզանդի փողոցում՝ հարկադիր օտարելով այն: Նրանցից շատերը գրանցվել է բարեկամների տանը, իսկ մնացածն այդպես էլ մնացել են անհասցե:

Հիշեցնենք, որ չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) պարտավորեցրել է պետությանը վերադարձնել 3 քաղաքացիների բնակարանները, որոնց մեջ է նաև Բաղդասարյանը, սակայն Հայաստանի Հանրապետությունը չի կատարել ԵԴ պահանջը:

«Այսօր ՀՀ կառավարույթունը ՄԻԵԴ-ում տառացիորեն թղթախաղ խաղացող ժուլիկի խաղ է տանում, երևի թե հույս ունեն, որ Մարդու իրավուքների կոմիտեում կփորձեն իրականությանը չհամապատասխանող հիմանովորումներով հանդես գալ»,- կարծում է այս գործով փաստաբան Արթուր Գրիգորյանը:

Արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը վերջերս հարցազրույց է տվել լրատվամիջոցներին՝ հայտնելով, որ  տարիներ շարունակ հաշտության բանակցություններ են գնացել ու դրա պատճառով միգուցե և նրանց համար նախատեսված  բնակարանները վաճառվել են: Փոխնախարարը խորհուրդ է տվել այդ հարցը նորից ՄԻԵԴ-ում բարձրաձայնել:

Սեդրակ Բաղդասարյանը նշում է, որ նախարարությունից ստում են՝ բանակցությունների մասին խոսելով, իսկ Գրիգորյանը հայտնում է, որ եթե անգամ բանակցություններ են գնացել, ՀՀ կառավարությունը խիստ անպատասխանատու է գտնվել այդ բնակարանների անձեռնմխելիությունն ապահովելու հարցում:

«Մենք բնակարանների վաճառքի փաստը հայտնաբերելուց հետո նորից ենք դիմել ՄԻԵԴ՝ նշելով որ այդ բնակարանները չկան: Խնդրել ենք, որ դրանց շուկայական արժեքով փոխհատուցում տրվի այս մարդկանց»,- ասում է փաստաբան Արթուր Գրիգորյանը:

ՄԻԵԴ–ը, Գրիգորյանի համոզմամբ՝ այն դատարանն է, որ եվրոպական շատ երկրներում ժողովրդավարության ու արժանավայել կյանքի ձևավորման հարցում մեծ դեր է խաղացել:

«Ես կարող եմ վստահ ասել, որ որևէ պետություն մտքով էլ չի անցկացրել այս աստիճանի անլուրջ վերաբերմունքի արժանացնել ՄԻԵԴ որոշումները»,- փաստում է փաստաբանը: 

Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am