Նորություններ

Նոր փաստաբանը հանդես եկավ նոր փաստարկներով

08.05.2012

Դատական նիստի ընթացքում. մայիսի 8,2012թ.

Մոսկվա կինոթատրոնի գողության գործով դատավարությունն այսօր շարունակվեց. մեղադրյալ Վահրամ Քերոբյանի նոր փաստաբանը դատական նիստը սկսեց նոր փաստարկներով: Փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդեց Երևանի Կենտրոն Նորք–Մարաշ ընդհանուր իրավասության դատարանին Քերոբյանին անհապաղ ազատ արձակել, քանի որ Քերոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու ժամկետը վերացել է դեռ 2010թ. հունիս ամսից:

Նախորդ դատական նիստին Վահրամ Քերոբյանի փաստաբանը փոխվեց. ԳիվիՀովհաննիսյանին փոխարինում է Լուսինե Սահակյանը: Հովհաննիսյանն արդեն մի քանի անգամ միջնորդել էր դատարանին՝ փոխել Վահրամի խափանման միջոցը, իսկ Լուսինե Սահակյանը պահանջում է անհապաղ ազատ արձակել Քերոբյանին, քանի որ պաշտոնապես ժամկետները լրացել են:

Հիշեցնենք, որ 2010թ. հունվարին է եղել գողությունը. «Մոսկվա» կինոթատրոնից գողացվել է 5 մլն 80 հազար դրամ և 10 հազար ռուսական ռուբլի գումար: «Մոսկվա» կինոթատրոնի ղեկավարությունը և գործով մեղադրող դատախազ Սամվել Հարությունյանը պնդում են, որ գողությունը կատարվել է Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի կողմից: Տղաների ծնողները և այլ վկաներ համոզված են, որ իրական մեղավորներն ազատության մեջ են:

Քերոբյանին ձերբակալելու պատճառ է դարձել, իբրև թե, քննությունից թաքնվելը, որը փաստացի չի ապացուցվել դատարանում, իսկ պաշտպանական կողմը ներկայացրել է հակառակն ապացուցող փաստարկներ:

Վահրամի մայրը՝ Ռուզան Քերոբյանը, նշում է, որ քննիչը և ինքը իր աշխատավայրում ԵՊՀ պրոռեկտորի մոտ փոխանակվել են հեռախոսահամարներով, որ հետագայում քննիչը զանգի։ Այդ զանգն այդպես էլ տեղի չի ունեցել, որին հաջորդել է Վ.Քերոբյանի ձերբակալությունը:

Դատարանը Քերոբյանի կալանքին վերաբերող որոշումը կհրապարակվի մայիսի 10-ին՝ ժամը 9:00-ին:

«Իրենք հստակ իմացել են որտեղ է իմ որդին, ու նա երբեք չի թաքնվել, իսկ այս միջնորդությունը դատավորը ժամը 9-ին նշանակեց, որ մերժի, քանի որ այդ ժամին ոչ մի կալանավորի չեն բերի նիստերի դահլիճ»,- համոզված են Քերոբյանի ծնողները: 

Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am