Նորություններ

Բնապահպանական շարժման ակտիվիստին ապօրինի բերման են ենթարկել ոստիկանություն

14.05.2012

Միքայել Նազարյան, նկարը՝ նրա ՖԲ էջից

Քիչ առաջ (15:05) ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունից ազատ արձակվեց Մաշտոցի պուրակի շարժման ակտիվիստ Միքայել Նազարյանը:

Այսօր առավոտյան Երևանի ոստիկանության աշխատակիցները Միքայելին առանց ծանուցագրի ու իրավական կոնկրետ կարգավիճակի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանից բերման էին ենթարկել ոստիկանություն։

Ինչպես www.hra.am –ին փոխանցեց Նազարյանը, սկզբում նրան զանգել են ու ներակայացել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, իսկ հանդիպումից հետո պարզվել է, որ նրանք ոստիկաններ են, ովքեր, խախտելով օրենքի պահանջը, բերման են ենթարկել Նազարյանին առավոտյան՝ մոտավորապես ժամը 11:00-ին:

Փաստաբան Ռոբերտ Ռևազյանն ու Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները հետագայում հաստատել են, որ Միքայել Նազարյանին բերման ենթարկելն ապօրինի է եղել։

Նազարյանին հայտնել են, որ նրան տանում են ոստիկանություն Հայաստանի հանրապետական կուսակցության մայիսի 5-ի հանրահավաքի ժամանակ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած փուչիկների պայթյունի գործով: Միքայել Նազարյանը փաստաբան է պահանջել:

Ինչպես www.hra.am –ին հաղորդեց բնապահպան ակտիվիստներից Արթուր Գրիգորյանը, մայիսի5–ին մոտ 15 ակտիվիստներով Թեղուտի անտառի պաշտպանությանն ուղղված պաստառներով գնացել են հանրահավաքին, որ նախագահի գալու ժամանակ բարձրաձայնեն բնապահպանական խնդրի մասին:

«Մենք հեռու ենք եղել փուչիկներից, ու այնտեղ են եղել ոչ միայն Նազարյանը, այլև այլ ակտիվիստներ էլ, այդ թվում նաև ես, բայց չգիտես ինչու, նրան են բերման ենթարկել»,- ասում է Արթուր Գրիգորյանը:

Չնայած դրան, Նազարյանը www.hra.am –ին հայտնեց, որ ոստիկանների հարցից այնպես է ստացվել, որ նրան կասկածում են այդ պայթյունը կազմակերպելու մեջ: Նրան քննել է ՀՔԾ հատկապես կարևորագույն գործերով քննիչ Հեկտոր Սարդարյանը։

«Վերջում մի հարց տրվեց ինձ, որ օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ ես փորձել եմ կրակայրիչի միջոցով առանձնացնել փուչիկներից մեկը, ես այդ հարցին պատասխանեցի, որ 5-7 մետր հեռավորության վրա եմ գտնվել, ու ոչ մի բան չեմ տեսել»,- www.hra.am –ին հաղորդեց Նազարյանը:

Արթուր Գրիգորյանը համոզված է, որ սա բնապահպան ակտիվիստներին ճնշելու հերթական քայլերից մեկն է:

Նշենք նաև, որ ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում վրան տեղադրելու համար տեղի ունեցած քաշքշուկից հետո ձերբակալել էին 7 ակտիվիստների, այդ թվում՝ Միքայել Նազարյանին։ Այս միջադեպի հետևանքով ՀՀ ոստիկանությունը մայիսի 8-ին քրեական գործ է հարուցե : Չնայած վրան տեղադրելն օրենքով արգելված չէ, քրեական գործը ոչ թե ոստիկանների անօրինական գործողությունների առիթով է հարուցվել, այլ մի խումբ անձանց կողմից իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ ( ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով):

«Ոչ մեկին դեռ ծանուցագիր չեն ուղարկել, բայց մենք համոզված ենք, որ առաջիկայում ցանկացած բնապահպանական ակցիայի դեպքում թիրախի տակ են գտնվելու հենց այդ 7 ակտիվիստները»,- ասում է Արթուր Գրիգորյանը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից www.hra.am –ին հաղորդեցին, որ դեռ չեն որոշել՝ վրան տեղադրելու գործով ովքեր են կասկածյալները, քանի որ դեռ նախաքննություն է ընթանում:

Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am