Նորություններ

«Վկա Արթուր Մկրտչյանի եղբայրը Երևանի ռազմական ոստիկանությունում որպես պատանդ է պահվում». Ռուբեն Մարտիրոսյան

16.05.2012

Արտակ Նազարյանի գործով դատավարություն, մայիսի 15, 2012թ.

Մայիսի 15-ին  Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց, սակայն, ըստ էության, չկայացավ Արտակ Նազարյանի մահվան գործով դատական հերթական նիստը:

Սկզբում դատավոր Սամվել Մարդանյանը նիստը 10 րոպե հետաձգվեց, քանի որ դեռևս դատարան չէր բերվել ամբաստանյալ Հարութիկ Կիրակոսյանը, ով կալանքի տակ չէ, շարունակում է ժամկետային ծառայությունը: Դատավորը ամբաստանյալին ուղեկցող Ռազմական ոստիկանության աշխատակիցներին ուշանալու համար դիտողություն արեց, վերջիններս էլ արդարացան, թե դրա պատճառը Դիլիջանի ճանապարհի վատ որակն է:

Ոստիկանության Վաղարշապատի և Սիսիանի բաժիններից դատարան գրություններ էին ուղարկվել, որ գործով առանցքային վկա Արման Մնացականյանը բուժման նպատակով գտնվում է հանրապետությունից դուրս, իսկ վկա Արթուր Մկրտչյանն էլ գտնվում է Լեռնային Ղարաբաղում, և հաջորդ նիստին վերջինիս ներկայությունը կապահովվի:

Ամբաստանյալ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լևոն Պողոսյանն այս առթիվ հայտարարեց, որ գործով մեղադրանքի հիմքում դրված են «պահեստային 4 վկաների» ցուցմունքները, ովքեր դատաքննության ընթացքում ամեն քայլի դիմում են, որպեսզի դատաքննության չներկայանան և դատարանին միջնորդեց «ջանասիրաբար» անհրաժեշտ քայլեր ձեռնարկել վկաներին բերման ենթարկելու համար, այլապես ինքը կմիջնորդի բացակա վկաների ցուցմունքները հանել մեղադրական եզրակացության հիմքից:

Նրա խոսքերը, որ դատարանը վկաների ներկայությունն ապահովելու համար «ջանասիրություն չի ցուցաբերել», այդ գործում «հսկողություն չի իրականացրել», զայրացրին դատավոր Մարդանյանին, ով հակադարձեց պաշտպանին. «Սիրում եք հենց այնպես քաղցր և դառը բաներ ասել: Դատարանը ձեռնարկել է բոլոր միջոցները, աշխատեք արտահայտությունների մեջ կոռեկտ լինել, խոսեք այն բաների մասին, որոնց տեղյակ եք»։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը միացավ վկաների բացակայության պայմաններում նիստը հետաձգելու վերաբերյալ ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանի միջնորդությանը: Շուշանյանը հայտարարեց, որ ոստիկանությունից ստացված գրությունը չի կարող ապացույց լինել Արման Մնացականյանի՝ Հայաստանից բացակայելու փաստի վերաբերյալ և, որ դատարանը պետք է դիմի համապատասխան մարմինների պարզելու՝ Արման Մնացականյանն իսկապե՞ս հատել է Հայաստանի սահմանը:

Փաստաբան Շուշանյանը հայտարարեց, որ հասունացել է պահն արտագնա նիստերը կրկին Երևան տեղափոխելու համար: Դատավորն ասաց, որ նիստերի անցկացման վայրի հարցն այս նիստում չի քննարկվում: Արտակ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը ևս պնդեց, որ նիստերը Երևան տեղափոխվեն՝ հիմնավորելով երկու վկաների Երևանից ավելի մոտ բնակվելով: Դատարանը որոշեց վերոհիշյալ վկաներին բերման ենթարկելու որոշումներ կայացնել և հետաքննության մարմնի միջոցով ապահովել դատարանում նրանց ներկայությունը:

Արտակ Նազարյանի մահվան գործով դատական հաջորդ նիստը կկայանա մայիսի 22-ին:

Տուժողի իրավաջորդի ներկայացուցիչ,իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանի խոսքերով՝ Արթուր Մկրտչյանը գործով միակ վկան է, ով համարձակվել է նախաքննական փուլում ըմբոստանալ և հայտարարել, որ իրենից ցուցմունքները կորզել են ծեծի և բռնությունների միջոցով, հիմա նրան ստիպում են գալ և դատարանում կեղծ ցուցմունք տալ, ինչը նա չի կամենում անել:

Ռուբեն Մարտիրոսյանի կարծիքով՝ Արթուր Մկրտչյանի եղբորը, ով Արթուրի հետ էր ծառայում, մինչ օրս Երևանի ռազմական ոստիկանությունում պահում են «որպես պատանդ», վերջինիս նկատմամբ իբր պաշտպանական միջոց են կիրառել, մինչդեռ նա Արտակ Նազարյանի մահվան դեպքի վայրում չի եղել:

Ոսկան Սարգսյան
Իջևան

Աղբյուրը՝ www.hra.am