Նորություններ

Խախտվում են դատավարության ողջամիտ ժամկետները

22.05.2012

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարություն, մայիսի 22, 2012թ.

Մայիսի 22-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է կայանար լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հերթական նիստը:  

Դատավարությունը չշարունակվեց, քանի որ դատարան չէր ներկայացել գործով ամբաստանյալ, կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը: Ներկա չէին նաև ամբաստանյալ, ավագ լեյտենանտ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լևոն Պողոսյանը, տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, վերջինիս ներկայացուցիչներ փաստաբան Մուշեղ Շուշանյանը և իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը:

Ամբաստանյալ Հակոբ Մանուկյանը դատարանին միջնորդեց հետաձգել դատական նիստը, քանի որ իր պաշտպան Հրանտ Գևորգյանը բացակայում է: Նախորդ դատական նիստի ավարտին, երբ դատավոր Սամվել Մարդանյանը որոշում էր հաջորդ նիստի օրը, պաշտպան Հրանտ Գևորգյանը հայտարարեց, որ ինքը մայիսի 22-ին այլ գործով նիստի պետք է մասնակցի Երևանում: Պաշտպան Լևոն Պողոսյանն էլ տեղյակ լինելով, որ Հրանտ Գևորգյանը մայիսի 22-ին նիստին չի մասնակցելու, Իջևան չէր ժամանել՝ իր բացակայության մասին դատարանին հեռախոսով տեղյակ պահելով:

Չնայած նախորդ նիստին դատավորը որոշում էր կայացրել բերման ենթարկել գործով վկա Արթուր Մկրտչյանին, սակայն վերջինս դատարան չէր ներկայացել: Ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակից, կապիտան Գևորգյանը դատարանին հեռախոսով հայտնել էր հետևյալը. «Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ Արթուր Մկրտչյանին հայտնաբերելու ուղղությամբ, ըստ Արթուր Մկրտչյանի մոր՝ Մարինե Մկրտչյանի բացատրության, Արթուրը բանջար հավաքելու նպատակով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջան և մինչ օրս չի վերադարձել»:  

Ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակցի ուղեկցությամբ դատարան էր ներկայացել գործով առանցքային վկա Արման Մնացականյանը: Մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանն առաջարկեց ամբաստանյալ երեք զինվորների պաշտպան Ալվարդ Մնացականյանին հնարավորություն տալ հարցաքննել Արման Մնացականյանին: Սակայն հարցաքննություն տեղի չունեցավ. դատավոր Ս. Մարդանյանը ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակցին խնդրեց դատական հաջորդ նիստին նույնպես ապահովել վկա Մնացականյանի մասնակցությունը, քանզի նախորդ նիստը չկայացավ վերջինս բացակայության պատճառով:

Դատավոր Մարդանյանը փաստեց, որ այս նիստին էլ ամբաստանյալների պաշտպանները չեն մասնակցում, և որ նիստերի հետաձգումով խախտվում են դատավարության ողջամիտ ժամկետները:

Ամբաստանյալ 3 զինվորներից կալանքի տակ չէ միայն Հարութիկ Կիրակոսյանը, վերջինս շարունակում է ծառայությունը, թեև նրա ժամկետային ծառայության ժամկետը 11 ամիս առաջ է լրացել: Կիրակոսյանի պաշտպան Ալվարդ Մնացականյանը ցանկանում էր դատարանին միջնորդություն ներկայացնել վերջինիս խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Ալվարդ Մնացականյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդության քննարկումը չի խախտում այլ ամբաստանյալների պաշտպանական իրավունքները: Իսկ դատախազ Հարություն Հարությունյանն էլ հայտարարեց, որ դատական նիստ կայանալու դեպքում պետք է տեղի ունենա վկա Արման Մնացականյանի հարցաքննությունը:

Դատավոր Ս. Մարդանյանը որոշեց դատական նիստը հետաձգել մինչև մայիսի 29-ը: Արդեն նիստի ավարտից հետո դատավորն ասաց, որ դատավարության մասնակիցների միջև պայմանավորվածություն կա ամեն շաբաթվա երեքշաբթի և չորեքշաբթի օրերին այս գործով նիստեր անցկացնել՝ փաստաբաններին հորդորելով իրենց աշխատանքային ծանրաբեռվածությունն այնպես դասավորել, որ կարողանան մասնակցել այս դատավարությանը:

Ոսկան Սարգսյան

Իջևան

Աղբյուրը՝ www.hra.am