Նորություններ

Նախընտրական քարոզարշավի լուսաբանումը՝ ըստ դիտարկումների

23.05.2012

Մայիսի 23-ին երեք կազմակերպություններ համատեղ ամփոփեցին իրենց կողմից իրականացված նախընտրական քարոզչության լուսաբանման դիտարկումները:

«Կարծես հրահանգ կար, որ պիտի հավասարակշիռ լուսաբանում լինի»

«Ինձ մոտ այն տպավորությունն էր ստեղծվում, որ նույն կենտրոնից, որտեղից սովորաբար ղեկավարվում են մեր հեռուստաընկերությունները, կարծես հրահանգ էր եղել, որ պիտի հավասարակշիռ լուսաբանում լինի»,- ամփոփելով նախընտրական մոնիտորինգի արդյունքները՝ մայիսի 23-ին այս տեսակետը հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը:

Փետրվարի 15-ից մայիսի 4-ը ԽԱՊԿ-ը դիտարկել է ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերի մամուլի ասուլիսների լուսաբանումը հեռուստաեթերով և եկել այն եզրակացության, որ ցանկության դեպքում լրատվամիջոցները կարողանում են հավասարակշռություն պահպանել:

Ուսումնասիրվել է առավել ակտիվ գործող 7 մամուլի ակումբներում («Փաստարկ», «Հայացք», «Հայելի», «Հենարան», «Ուրբաթ», «Իրատես դե ֆակտո» «Պոստ Սկրիպտում», առանձին դեպքերում` Մամուլի ազգային ակումբ) տեղի ունեցած շուրջ 90 ասուլիս և դրանց 209 լուսաբանում 10 հեռուստաընկերություններով:

ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյան«Հեռուստաընկերությունները ցույց տվեցին, որ կարող են ապահովել բազմակարծությունն իրենց եթերում, և եթե ոչ ընտրական ժամանակահատվածում այդ բազմակարծությունը մեր եթերում չկա, դրա ամբողջ պատասխանատվությունն, իմ կարծիքով, ընկնում է իշխանությունների վրա»,- նշեց Մելիքյանը:

Նրա դիտարկմամբ՝ լուսաբանումները հիմնականում եղել են չեզոք և հավասարակշռված, չնայած եղել են դեպքեր, երբ չեզոքությունը խախտվել է: Օրինակ՝ ընդդիմադիր գործչի ասուլիսի լուսաբանման մեջ ներառված է եղել իշխանամետ քննադատական մեկնաբանությունը: Իսկ իշխանամետ գործիչների ասուլիսներն ընդդիմադիրների կողմից երբեք չեն մեկնաբանվել:

Հեռուստաընկերությունները քիչ են լուսաբանել բանավեճային ասուլիսները: «Սա կարելի է բացատրել նրանով, որ բանավեճի կուլտուրան չի կայացել և լրագրողները մեծ սպասումներ չունեն բանավեճերից»,- եզրակացրեց Մելիքյանը:

Առցանց լրատվամիջոցներում ամենաշատը հիշատակվել է ՀՀԿ-ն

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն դիտարկել է ընտրական գործընթացների լուսաբանումը 10 առցանց լրատվամիջոցների կողմից: Դիտարկվել են 10 առցանց ԶԼՄ-ներ՝ www.1in.am, www.7or.am, www.a1plus.am, www.azatutyun.am, www.civilnet.tv, www.lragir.am, www.news.am, www.tert.am, www.panorama.am,www.panarmenian.net կայքերը:

Դիտարկումը կտևի մինչև հուլիսի 6-ը: Մինչ այդ կազմակերպության նախագահ Սուրեն Դեհերյանը ամփոփում է դիտարկման միջանկյալ արդյունքները:

Ապրիլի 8-ից մայիսի 4-ը ընկած ժամանակահատվածում դիտարկվել է 5. 374 նյութ, որտեղ 11. 344 անգամ անդրադարձ է եղել ընտրություններին առաջադրված 9 կուսակցություններին:

Առաջին տեղում անդրադարձների քանակով Հայաստանի հանրապետական կուսակցությունն է՝ 3580 անդրադարձ, այնուհետև՝ Հայ ազգային կոնգրեսը` 2000 անդրադարձով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 1740, «Ժառանգությունը»՝ 1176, Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 1154, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 838 անդրադարձ: Վերջին եռյակը կազմում են ԱԺ չմտած ուժերը՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը՝ 313, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 304, «Միավորված հայեր» կուսակցությունը` 239:

Սուրեն Դեհերյանի ներկայացրած տվյալներով՝ ընտրությունների վերաբերյալ լուսաբանումները համեմատաբար ավելի շատ են այն կայքերում, որտեղ տեղադրվում են  մեկ աղբյուրից ստացած տեղեկատվություններ: Իսկ այն կայքերը, որոնք համեմատաբար քիչ են անդրադարձել քաղաքական ուժերին, շեշտը դրել են վերլուծական բնույթի նյութերի վրա, որոնց պատրաստումն ավելի ժամանակատար է:

Կազմակերպությունը դիտարկել է նաև անդրադարձերի բնույթը՝ չեզոք, դրական կամ բացասական: «Բոլոր կայքերում համեմատաբար շատ են չեզոք նյութերը»,- նշել է Դեհերյանը՝ հավելելով, որ դրական կամ բացասական վերաբերմունք արտահայտող նյութերի քանակից կարելի է եզրակացնել, թե որ լրատվամիջոցը որ քաղաքական ուժի նկատմամբ ինչ վերաբերմունք ունի:

«Ֆեյսբուքը՝ որպես քարոզչական հարթակ». ամեն ինչ առջևում է

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնը 2012թ. փետրվարից ուսումնասիրում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Այս ընտրություններն առանձնացան նրանով, որ Հայաստանում առաջին անգամ սոցիալական ցանցն ակտիվորեն օգտագործվեց որպես քարոզչական և տեղեկատվական հարթակ:

«Մեր դիտարկումների արդյունքները ցույց են տալիս, որ «Ֆեյսբուքը» որպես քարոզչական հարթակ գրավել է իր տեղը, և որոշ առումներով հնարավոր է, որ առաջիկայում (եթե hայաստանցի ֆեյսբուքցիների քանակը չպակասի և այլ սոցցանց ավելի ակտիվորեն չսկսի օգտագործվել) «Ֆեյսբուքը» ավելի լուրջ դերակատարություն ունենա, և նույնիսկ առավելության հասնի հեռուստատեսության նկատմամբ»,- նշեց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը:

Նա սոցիալական ցանցի առավելություններից ամենագլխավորը համարում է հետադարձ կապի հնարավորությունը: Բաղդասարյանը կարծում է, որ առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ նույնպես «Ֆեյսբուքն» ակտիվ օգտագործվելու է, և «ամեն ինչ դեռ առջևում է»:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավարը նաև նկատում է, որ «Ֆեյսբուքում» ամենից շատ խոսվում էր ոչ թե ծրագրային դրույթների, այլ՝ ընտրությունների ընթացքի, ընտրակաշառքի, վարչական ռեսուրսների չարաշահման մասին:

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am