Նորություններ

Դատավորը կա՛մ մերժեց, կա՛մ հետաձգեց միջնորդությունների քննումը

24.05.2012

Մայիսի 24-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Մոսկվա» կինոթատրոնում կատարված գողության մեջ մեդրվող Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործով դատավարությունը: Տուժող կողմը նիստին չէր ներկայացել:

Ստեփան Հովակիմյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը հանդես եկավ միջնորդություններով, որպեսզի գործին կցվեն և որպես ապացույց ճանաչվեն մի քանի նյութեր:

Մեկը Ստեփան Հովակիմյանի հոր՝ Բենիամին Հովակիմյանի բջջային հեռախոսի զանգերի վերծանումներն էին, որոնցից երևում է, որ ձերբակալման օրը հայրը մի քանի անգամ զանգահարել է ոստիկանության բաժին և գործը քննող քննիչին՝ իր տղայի հետ տեսակցելու նպատակով, ինչի հնարավորությունը նրան չի տրվել։

Մյուս միջնորդությունը վերաբերում էր Ստեփանի հետ կալանավորված երկու անձանց վկայություններին, որտեղ նրանք ասում են, որ Հովակիմյանը բողոքել է մարմնի ցավերից և ասել է, որ ոստիկանությունում իրեն ծեծել են:

Դատավոր Մխիթար Պապոյանը որոշեց նյութերը կցել գործին և համարել հետազոտված, սակայն դրանք որպես ապացույց ճանաչելու մասին որոշում չկայացրեց՝ նշելով, որ դա կանի խորհրդակցական սենյակում:

Վահրամ Քերոբյանի պաշտպան Լուսինե Սահակյանը պնդեց, որ դատարանը ներկայացված նյութերը որպես ապացույց ճանաչի, որպեսզի իրենք կարողանան ճառերի փուլում հենվել այդ փաստերի վրա, սակայն դատավոր Պապոյանը գտավ, որ եթե նյութերը հրապարակված և հետազոտված են, ուրեմն պաշտպանները կարող են հղում տալ դրանց՝ նույնիսկ եթե որպես ապացույց ճանաչված չեն:

Մեկ այլ միջնորդությամբ պաշտպան Տիգրան Սաֆարյանը միջնորդեց դատարան կանչել և հավելյալ պարզաբանումներ ստանալ տեսաձայնագրության փորձաքննության եզրակացությունը տված փորձագետ Նինոյանից: Միջնորդությունը դատարանի կողմից մերժվեց` համարելով, որ փորձագետն արդեն հայտնել է իր ասելիքը փաստաթղթի տեսքով:

Մերժվեց նաև «Մոսկվա» կինոթատրոնի հեռախոսահամարների վերծանումները պահանջելու մասին փաստաբանի միջնորդությունը: Դատարանը գտավ, որ գործում առկա են բավարար ապացույցներ այն մասին, թե երբ է գողության մասին հաղորդում տրվել ոստիկանություն, ուստի կարիք չկա մի հանգամանքի վերաբերյալ մի քանի անգամ ապացույցներ ձեռքբերել:

Վերջում պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանին բացարկ հայտնելու միջնորդությամբ հանդես եկավ: Նա նշեց, որ դատարանն այս գործի շրջանակներում անկողմակալ չի եղել: «Դուք տիրապետում եք օրենսդրությանը, այդուամենայնիվ, խախտում եք այն»,- ասաց պաշտպանը՝ թվարկելով միջնորդությունների քննարկումը անհիմն հետաձգելը, ամբաստանյալներին ապօրինի անազատության մեջ պահելը և այլ հանգամանքներ:

Նա նաև նշեց, որ ըստ ՄԻԵԴ նախադեպային որոշումների՝ դատավորը չի կարող անաչառ լինել իր վերաբերյալ որոշում կայացնելիս, ուստի բացարկի միջնորդությունը պետք է քննի նույն դատարանի մեկ այլ դատավոր:

Դատարանը նիստը հետաձգեց մինչև մայիսի 30-ը, ժամը 16:30 և խնդրեց փաստաբանին բացարկի միջնորդությունը գրավոր ներկայացնել:

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am