Նորություններ

Խախտվել է հավասարության սկզբունքը. ՀԱԿ-ը վիճարկում է ընտրության արդյունքները

25.05.2012

«Մենք պնդում ենք, որ հանրապետության նախագահի, վարչապետի, գործադիր իշխանության այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից՝ իրենց պաշտոնական լիազորությունների, պարտականությունների կատարմանը զուգընթաց  նախընտրական քարոզչության մասնակցելը հակասում է ՀՀ սահմանադրության 4-րդ հոդվածով նախատեսված հավասարության սկզբունքին»,- այսօր Սահմանադրական դատարանում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել մայիսի 6-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների համամասնական ընտրակարգով արդյունքները (ՀՀ ԿԸՀ թիվ 265-Ա որոշում՝ կայացված 13.05.2012թ.):

Նիստի սկզբում Կետրոնական ընտրական հանձնաժոովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը միջնորդեց դատարանին կարճել գործը: Մուկուչյանի հիմնավորմամբ՝ թե՛ դիմումի բովանդակությունը, թե՛ պատճառաբանությունները որևէ առնչություն չունեն ԿԸՀ մայիսի 13-ի որոշման իրավաչափության հետ, բացի այդ, ներկայացված չեն փաստարկներ ու հիմնավորումներ, թե ՀՀ ընտրական օրենսգրքի հատկապես որ իրավական նորմերին է հակասում այդ որոշումը:

Դատարանը, խորհրդակցելով, որոշեց լսել կողմերին՝ հաշվի առնելով, որ օրենքը թույլ է տալիս ցանկացած պահի անդրադառանալ գործի վարույթի կարճմանը:

Դիմող կողմը՝ ի դեմս ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի և Վահե Գրիգորյանի, ներկայացրեց իր փաստարկներն ու հիմնավորումները:

Գրիգորյանը նշեց, որ ԱԺ ընտրություններին հիմնական խախտումներն արձանագրվել են նախընտրական քարոզչության ընթացքում, երբ խախտվել է ընտրությունների անցկացման հավասարության սկզբունքը:

Դիմող կողմը կարծում է, որ ՀՀ նախագահի թեկնածությունը և մասնակցությունը ԱԺ ընտրությունների արդյունքների վրա մեծ ազդեցություն է ունեցել և խախտել է բոլոր թեկնածուների հավասարության սկզբունքը:

ՀԱԿ ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյան 

«Եթե նախագահի մասնակցությունը նպատակ չի հետապնդում օրենսդիր մարմնի աշխատանքներին մասնակցել, ուրիշ այլ ի՞նչ նպատակ պիտի հետապնդի»,- ասում է փաստաբանը՝ ավելացնելով, որ Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրումը եղել է ձևական և հօգուտ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ)՝ հաշվի առնելով, որ նա ինքնաբացարկ է ներկայացրել:

Փաստաբանը մեղադրեց ՀՀԿ կուսակցությանը վարչական ռեսուրսները չարաշահելու մեջ: Տասնյակ օրինակներ բերելով՝ նա եզրակացրեց, որ ՀՀ նախագահն իր լիազորություններին զուգահեռ նախընտրական քարոզչություն է իրականացրել մարզերում, որը մրցակցային անհավասար պայմաններ է ստեղծել՝ ազդելով ընտրությունների արդյունքների վրա:

Իսկ ԿԸՀ նախագահ Տ.Մուկուչյանի այն հարցին, թե ինչո՞ւ ՀԱԿ-ը չի բողոքարկել նախագահի գրանցումը որպես պատգամավորության թեկնածու, փաստաբանը պատասխանեց. «Ո՞ւմ պիտի բողոքարկեինք, ձե՞զ: Դուք դա խախտում չեք համարում»:

Վահե Գրիգորյանի խոսքերով՝ «ԿԸՀ-ն ուղղակիորեն գտնվում է ՀՀ նախագահի ազդեցության ներքո», քանի որ այդ հանձնաժողովի անդամները հաստատվում են նախագահի հրամանով:

Իսկ Մուկուչյանի հարցին, թե կոնկրետ ո՞ր օրենքն են իրենք խախտել՝ նախագահի թեկնածությունը գրանցելով, փաստաբանն արձագանքեց. «Անգամ եթե օրենք ձևականորեն չի խախտվել, դա դեռ չի նշանակում, որ սահմանադրական սկզբունքը չի խախտվել: Օրենքը կոչված է սահմանադրական սկզբունքի կիրառման արդյունավետ հնարավորություն ընձեռել, եթե օրենքը չի ընձեռում, դա չի նշանակում, որ սահմանադրական սկզբունքի խախտման դեպքում անձը չի կարող հայցել պաշտպանություն»:

ՀԱԿ ներկայացուցիչը նաև պնդեց, որ ընտրողների կողմից ստորագրված ցուցակներից քաղվածքներ անելու իրավունքն արդյունավետորեն չի իրացվում, քանի որ մեկ քաղաքական ուժը չի կարող ունենալ այնքան ռեսուրսներ, որ սահմանափակ ժամանակահատվածում կարողանա լիարժեքորեն ծանոթանալ, ուսումնասիրել և քաղվածքներ անել ցուցակներից:

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ անձնագրում դրվող ցնդող կնիքի հետքի ժամանակից շուտ անհետանալը կապված է կրկնակի քվեարկության հետ: Հաշվի առնելով առավոտվա ժամերի կուտակումները և ուսումնասիրելով տարբեր տեղամասերից ստացված արդյունքերը՝ ՀԱԿ-ի ներկայացուցիչները եկել են այն եզրակացության, որ առավոտյան քվեարկել են հիմնականում ՀՀԿ կուսակցության օգտին՝ հաշվի առնելով քվեատուփի ամենաստորին հատվածում գտնվող քվեաթերթիկների տվյալները:

Զուրաբյանի համար կասկածելի է նաև ընտրություններին մասնակցած անձնանց պաշտոնական թիվը՝ 1,5 մլն–ից ավելի մարդ: ՀԱԿ-ի հաշվարկներով՝ դա կազմում է ՀՀ բնակչության 86 տոկոսը: Զուրաբյանն ասում է, որ ՀՀ-ից վերջին չորս տարվա ընթացքում պաշտոնապես արտագաղթել է մոտ 200 հազար մարդ,  և իրենց հաշվարկներով մայիսի 6-ին քվեարկել է առավելագույնը 1 մլն 80 հազար քաղաքացի:

Պատասխանող կողմի՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հարցերին պատասխանելու համար հայցվոր կողմի փաստաբան Վահե Գրիգորյանը ժամանակ խնդրեց:  Տ. Մուկուչյանը նշեց, որ հայցի պատասխանը կներկայացնի իր այսօր հնչեցված հարցերի պատասխանները ստանալուց հետո:

Դատարանը որոշեց նիստը հետաձգել մինչև մայիսի 29-ը՝ ժամը 10:00-ը:

Կարինե Իոնեսյան
Մերի Ալեքսանյան 

Աղբյուրը՝ www.hra.am