Նորություններ

Հովակիմյանի գործով ամբողջական բողոքն ուղարկվել է ՄԻԵԴ

30.05.2012

Մարդու իրավունքների եվրոպական դատարան

«Մոսկվա» կինոթատրոնից կատարված գողությունը կազմակերպելու մեջ մեղադրվող, գրեթե 28 ամիս նախնական կալանքի տակ գտնվող Ստեփան Հովակիմյանի գործն արդեն ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

Հիշեցնենք, որ Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնից 5 մլն 80 հազար դրամ և 10 հազար ռուսական ռուբլի գողանալու մեջ: Նրանք կալանավորված են երկու տարուց ավելի, իսկ քրեական գործը դեռևս քննվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ:

Կալանավորելու հիմք է ծառայել Հովակիմյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որը, Հովակիմյանի պնդմամբ, ձեռք է բերվել խոշտանգումների միջոցով: Փաստաբանը նշում է, որ դաժան վերաբերմունքի վերաբերյալ Հովակիմյանի բողոքների կապակցությամբ արդյունավետ քննություն չի կատարվել:

Հովակիմյանի գործով բողոքն ուղարկվել է ՄԻԵԴ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3–րդ, 5–րդ, 6–րդ և 13–րդ հոդվածների խախտումների հիմքով։

«Գանգատի հիմքում Կոնվենցիայի 3–րդ հոդված խախտումն է. ոստիկանների կողմից դաժան վերաբերմունքի ենթարկվելը` խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով (Կոնվենցիայի 3-րդ հոդված` նյութական առումով), դաժան վերաբերմունքի մասին բողոքների կապակցությամբ արդյունավետ քննություն չիրականացնելը (3-րդ հոդված` դատավարական առումով)»,- www.hra.am –ին հաղորդում է փաստաբանը:

Գանգատում անդրադարձ կա նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում համարվող կալանքի տակ գտնվելու օրինական հիմքերի բացակայությանը, նույն հոդվածի երրորդ կետով՝ կալանքի տակ գտնվելու անհիմն երկար տևողությանը, նույն հոդվածի 4-րդ կետով՝ դատական քննության փուլում կալանքի իրավաչափությունը բողոքարկելու հնարավորության բացակայությանը:

«Նաև նշել ենք, որ ՄԻԵԿ 6-րդ հոդվածի համաձայն՝ քրեական գործի ողջ քննության անհիմն երկար տևողության, քրեական գործի հարուցումը մերժելու մասին Հատուկ քննչական ծառայության որոշման դեմ բերված բողոքը Ընդհանուր իրավասության դատարանում քննարկելիս «զենքերի հավասարության» սկզբունքի խախտում է եղել»,- ասում է փաստաբան Սաֆարյանը:

ՄԻԵԴ–ը խախտում է համարում նաև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայությունը` գործի քննության անհիմն ձգձգման դեպքում, որն էլ ամրագրված է կոնվենցիայի 13-րդ հոդվածով: Փաստաբանը նաև այս հոդվածն է ներառել գանգատում։

Ինչպես www.hra.am –ին հաղորդեց Տիգրան Սաֆարյանը, հիմնական բողոքը ՄԻԵԴ է ուղարվել մայիսի 28-ին և պատասխան կարող են ակնկալել լավագույն դեպքում մեկ տարի հետո:

Նշենք, որ Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործին անդրադարձել է նաև ԱՄՆ Պետական Քարտուղարությունը` մարդու իրավունքների վերաբերյալ 2011թ. զեկույցում։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 30-ին ժամը 16:30-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կկայանա այս գործով հերթական դատական նիստը:

Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am