Նորություններ

Դատարանում կհարցաքննվեն Հովակիմյանի խցակիցները

31.05.2012

Ստեփան Հովակիմյան

«Մոսկվա» կինոթատրոնից կատարված գողության գործով հերթական դատական նիստի ժամանակ՝ մայիսի 30-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը շարունակեց դատական նիստը՝ մերժելով պաշտպանական կողմի՝ դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնից 5 մլն 80 հազար դրամ և 10 հազար ռուսական ռուբլի գողանալու մեջ: Նրանք կալանավորված են երկու տարուց ավելի: Կալանավորելու հիմք է ծառայել Հովակիմյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որը, Հովակիմյանի պնդմամբ, ձեռք է բերվել խոշտանգումների միջոցով:

Դատական նիստի ժամանակ Հովակիմյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը միջնորդեց, որ հարցաքննության կանչեն Հովակիմյանի նախկին խցակիցներ Արթուր Մարտիրոսյանին, Արթուր Սուքիասյանին և Կարեն Կարապետյանին, ովքեր կարող են պատմել, թե ինչ վատ վիճակում է եղել Հովակիմյանն ինքնախոստովանական ցուցմունքի ու դրան հաջորդող օրերին: Պաշտպանական կողմը համոզված է, որ խցակիցների ցուցմունքները կարող են ապացույց լինել, որ Հովակիմյանի ինքնախոստովանականը կորզվել է խոշտանգումների միջոցով։

Հովակիմյանի վերոնշյալ խցակիցներն այժմ դատապարտված են ու գտնվում են Կոշի և Գորիսի քրեակատարողական հիմնարկներում: Դատավոր Պապոյանը նշեց, որ իր դատական պրակտիկայի ընթացքում կալանավայրերից դատարան վկա բերելու գործընթացը տևել է 1-2 ամիս: Նշելով, որ պաշտպանական կողմն անընդհատ շահարկում է դատարանի կողմից նիստերն անհիմն ձգձգելը, դատավորը հարց հնչեցրեց՝ արդյո՞ք պաշտպանական կողմը պնդում է իրենց միջնորդությունը:

Քերոբյանի ու Հովակիմյանի փաստաբանները պնդեցին միջնորդությունը՝ ելնելով կարևորությունից: Քերոբյանի փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ դատավորն օրենքով կարող է պահանջել վկաների ներկա գտնվելը դատական նիստին, դատավոր Պապոյանը պնդեց, որ ինքը կարող է ընդամենը խնդրել:

«Նախ այդ գործընթացը կարող է տևել 10 օրից ոչ ավելի, իսկ դատարանը կարող է իր դիմումի մեջ նշել, թե որ օրը բերեն վկաներին ու որ ժամին: Եթե քրեակատարողական հիմնարկները չկատարեն դա, ապա արդեն իրենք են պատասխան տալու օրենքի առջև: Իսկ եթե ուշացնեն, մենք կարող ենք այլ միջնորդություններ ներկայացնել ու սպասել մինչև այդ վկաներին բերեն»,- նշեց Սահակյանը:

Դատավորը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 7-ին՝ ժամը 11:30-ին:

Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am