Նորություններ

«Ավագ Շինը» ապօրինաբար սղոցել է տասնյակ ծառեր

04.06.2012

Նալբանդյան 106/1 հասցեի հարևանությամբ ապրող բնակիչները և բնապահպան-ակտիվիստներն արդեն մեկ տարուց ավելի է բարձրաձայնում են այդ տարածքում ծառերի հատման ու ապօրինի շինարարություն մասին:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 23.03.2011թ. N18-08/1-Կ-402 գրության համաձայն՝ «կառուցվող բազմաբնակարան շենքի» նախագծային փաստաթղթերը դեռևս մշակված և համաձայնեցված չեն:

Չնայած դրան «Ավագ Շին» ՍՊ ընկերության ներկայացուցիչները սղոցներով կտրել են տասնյակ կենսունակ ծառեր, իսկ ոստիկանությունը լուռ հետևել է դրան: (Տեսանյութը նկարահանվել է մայիսի 31-ին։)

«Մենք ենք այս քաղաքի տերը» և «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունները հայտարարություն են տարածել այն մասին, որ կառուցապատողն իրեն թույլ էր տալիս բռնի ուժ կիրառել և հայհոյել բնակիչներին, քանի որ ձեռք էր բերել քաղաքապետարանի մի քանի փաստաթղթեր:

«Քանի որ Երևանի քաղաքապետը և ավագանին հանցավոր անգործություն են ցուցաբերում և ի վիճակի չեն պաշտպանել սեփական քաղաքացիներին, ապա Նալբանդյան 106/1 բակի բնակիչներն այսուհետ ստիպված են իրենց ուժերով պաշտպանել ՀՀ սահմանադրությունն ու օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ 2011թ. հոկտեմբերի 31-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Գ.Խանդանյան) անհիմն լինելու պատճառաբանությամբ մերժեց Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցների և Սայաթ-Նովա պողոտայի 9 բնակիչների հայցն ընդդեմ «Ավագ Շին» ՍՊ ընկերության:

Հայցվոր կողմը դատարանին էր ներկայացրել լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ երևում են հատված և շինարարական աշխատանքների պատճառով վնասված ծառերը, սակայն դատարանն ավելի արժանահավատ է համարել «Ավագ Շինի» փաստաբանի խոսքերը, ով կտրականապես հերքել է ծառահատումների փաստը:

«Շրջակա միջավայրի փորձաքննության մասին օրենքն է խախտվել, քաղաքացիների իրազեկման կոնվենցիան է խախտվել, քաղաքաշինական փաստաթղթերն առանց հաստատելու սկսել է աշխատանքներ և արդեն 3 անգամ փոխել է շինհրապարակում փակցված շենքի նախագծի ցուցանակը: Դատավճռի օրն էլ չունեին վերջնական հաստատված փաստաթուղթ»,- www.hra.am –ին ասել էր փաստաբան Հ. Տիգրանյանը:


Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am