Նորություններ

Վճռաբեկ դատարանը բավարարեց կրոնական կազմակերպության ներկայացուցչի բողոքը

12.06.2012

Սևանի Ավետարանական եկեղեցու առաջնորդ Վլադիմիր Բաղդասարյանը

Հունիսի 8-ին ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է Սևանի Ավետարանական եկեղեցու առաջնորդ Վլադիմիր Բաղդասարյանի և նրա պաշտպանների վճռաբեկ բողոքները: Դատարանը որոշել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2011թ. դեկտեմբերի 12-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

Ավելի վաղ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2011թ. հուլիսի 13-ին կայացրած վճռով Վլադիմիր Բաղդասարյանին մեղավոր էր ճանաչել «Շանթ» հեռուստաընկերության լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդհոդվածի 1-ին մաս)։ Իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2011թ. դեկտեմբերի 12-ին մերժել էր Բաղդասարյանի բերած բողոքը` ուժի մեջ թողելով առաջին ատյանի դատարանի որոշումը:

Վճռաբեկ դատարանը բավարարել է նաև պաշտպանների՝ «Դիմումները և միջնորդությունները քննության առնելու մասին» դիմումը, որով խնդրում են դատախազին միջնորդել քրեական գործեր հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) և 226-րդ (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը) հոդվածների հատկանիշներով:

Հիշեցնենք, որ 2010թ. նոյեմբերին «Շանթ»-ի նկարահանող խումբը «աղանդավորների գործունեության մասին» տեսանյութ նկարելու մտադրությամբ մտել էր Սևանի կինոթատրոնի նախկին շենք, որը սեփականության իրավունքով պատկանում է Սևանի Ավետարանական եկեղեցուն, առանց պատշաճ ներկայանալու և թույլտվություն ստանալու նկարահանել էր կրոնական կազմակերպության անդամներին։

Շենքի համասեփականատեր, Սևանի Ավետարանական եկեղեցու առաջնորդ Վլադիմիր Բաղդասարյանը նրանց շենքից դուրս էր հրավիրել, սակայն լրագրողները չէին ենթարկվել: Արդյունքում վիճաբանություն էր առաջացել, որի ընթացքում, «Շանթի» օպերատորի խոսքերով, Վ. Բաղդասարյանը քաշքշել ու ապտակել է իրեն։

Այս մասին պատմող տեսանյութը «Շանթով» եթեր հեռարձակելուց հետո դատախազությունը քրեական գործ է հարուցել Վլադիմիր Բաղդասարյանի դեմ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդհոդվածի 1-ին մասի հատկանիշներով (լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը): 

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am