Նորություններ

Լրատվությունը չեզոք էր, բայց՝ միակողմանի և չբավարարող

15.06.2012

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը կարծում է, որ լրատվական կայքերում դրական կամ բացասական գնահատական պարունակող նյութերի հրապարակումը նախընտրական շրջանում կարող էր անդրադառնալ ընթերցողների վերաբերմունքի և, հետևաբար, ընտրությունների արդյունքների վրա: Նա այդ մասին ասաց հունիսի 15-ին առցանց լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքները ներկայացնելիս:

Հիշեցնենք, որ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն ապրիլի 8-ից մայիսի 20-ը մշտադիտարկել է ԱԺ ընտրություններին համամասնական ընտրակարգով առաջադրված քաղաքական ուժերի գործունեության լուսաբանումը 10 առցանց լրատվամիջոցների կողմից: Դրանք են՝ www.1in.am, www.7or.am, www.a1plus.am, www.azatutyun.am, www.civilnet.am, www.lragir.am, www.news.am, www.tert.am, www.panorama.am, www.panarmenian.net կայքերը:  

Մոնիթորինգի ողջ ընթացքում տասը կայքում դիտարկվել է 8.156 հրապարակում, որտեղ կուսակցություններն հիշատակվել են 18.288 անգամ: Կուսակցությունների գործունեությունն առավել շատ լուսաբանել են tert.am, panarmenian.net, panorama.am և 1in.am կայքերը: Համեմատաբար քիչ հրապարակումներ են եղել civilnet.am և azatutyun.am կայքերում, սակայն այս կայքերը մյուսների համեմատ աչքի են ընկել տեսանյութերի մեծ քանակով:

Ընդհանուր առմամբ, 8.156 հրապարակումների մեջ ամենից շատ հիշատակվել են Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ):

Կազմակերպությունը վերլուծել է նաև հրապարակումների բնույթը՝ ըստ դրանցում տեղ գտած դրական, չեզոք և բացասական հիշատակումների: Մոնիթորինգի արդյունքներով՝ բոլոր անդրադարձների մոտ 68,7 տոկոսը եղել է չեզոք, 23,8 տոկոսը՝ բացասական, 7,6 տոկոսը՝ դրական:

Սուրեն Դեհերյանի խոսքերով՝ լրատվության մեծ մասը միակողմանի էր և չբալանսավորված:

«Մշտադիտարկված 10 կայքերը, միասին վերցրած, չեզոքություն պահպանեցին, չնայած, մյուս կողմից, ընթերցողին թողեցին չբավարարված, որովհետև միակողմանի տարածվող ինֆորմացիան ընթերցողն այդ պահին ստանում էր, բայց չէր կարողանում մարսել: Դրական և բացասական վերաբերմունք արտահայտող նյութերը՝ 30 տոկոսից ավելի, նույնպես որոշակի շեղում ստեղծեցին ընթերցողի համար, որպեսզի նա լավ պատկերացում կազմի այս կամ այն խնդրի մասին»,- ընդհանուր պատկերն այսպես ներկայացրեց ՀԼԱ նախագահը:

www.hra.am–ի հարցին, թե միակողմանի և չբալանսավորված տեղեկատվությունը կարո՞ղ էր անդրադառնալ ընտրողի վերաբերմունքի և ընտրությունների արդյունքների վրա, Դեհերյանը պատասխանեց. «Իհարկե՝ այո: Եթե կայքը մշտապես բացասական երանգով է ներկայացնում որևէ կուսակցության գործունեությունը, ապա իր ընթերցողը միայն բացասական տպավորություն կստանա տվյալ կուսակցությունից և հակառակը»:

Սակայն, Սուրեն Դեհերյանը նաև նշեց, որ առցանց լրատվամիջոցներից օգտվող լսարանը համեմատաբար ավելի կրթված և խելացի է համարվում, ուստի կարող է կողմնորոշվել, թե «այս կամ այն կայքն ում ջրաղացին է ջուր լցնում»:

Նա լրատվական կայքերին խորհուրդ տվեց ավելի պրոֆեսիոնալ գործել վստահություն ձեռքբերելու և լսարանը պահելու համար, որպեսզի մեկ օրում չկորցնեն լսարանը, և, հետևաբար, նաև՝ գովազդատուներին, որոնց հաշվին պահպանում են իրենց գոյությունը:

Մշտադիտարկման արդյունքներով՝ «լռության օրը» առցանց լրատվամիջոցները լռություն չեն պահպանել՝ ի տարբերություն ավանդական լրատվամիջոցների:

Դիտարկման արդյունքում մայիսի 5-ին գրանցվել է 88 հրապարակում, որոնք պարունակել են 152 անդրադարձ քաղաքական ուժերին: Ամենաշատը հիշատակվել են ՀՀԿ-ն՝ 74 անգամ, ԲՀԿ-ն՝ 28 անգամ և ՀՅԴ-ն՝ 25 անգամ:

Լռության օրն ամենաշատը «աղմկել են» panorama.am, 7or.am, 1in.am կայքերը, համեմատաբար զուսպ են եղել a1plus.am-ը, azatutyun.am-ը, panarmenian.net-ը:

Սուրեն Դեհերյանը նկատում է, որ, օրինակ, Հանրապետության հրապարակում գազով լցված փուչիկների պայթյունի վերաբերյալ հրապարակումներում կայքերի մի մասը նշել է ՀՀԿ անունը, մյուս մասը՝ ոչ. «Հավանաբար ինքնակարգավորման մարմնի կամ օրենսդրական կարգավորման բացակայությունն էր պատճառը, որ լրատվամիջոցներից յուրաքանչյուրը առաջնորդվել է սեփական հայեցողությամբ»:

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am