Նորություններ

Հորաքույրը հաստատեց, որ Հովակիմյանն իրենից երբեք պարտքով գումար չի վերցրել

18.06.2012

«Մոսկվա» կինոթատրոնից գողության գործով դատավարություն, հունիսի 18, 2012թ.

«Մոսկվա» կինոթատրոնից գողություն կատարելու մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանի հորաքույրը՝ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Արփենիկ Վարդանյանը, դատարանում առաջին անգամ ցուցմունք տվեց ու հայտնեց, որ Ստեփանը երբեք իրենից պարտքով գումար չի վերցրել ու կինոթատրոնից գողություն տեղի ունենալու ժամանակահատվածում էլ ոչ մի գումար պարտք չի եղել իրեն:

«2009թ. դեկտեմբերին նա վերադարձել է Հայաստան Պյատիգորսկ քաղաքից՝ ինձ թողնելով 2000 ամերիկյան դոլարին համարժեք գումար»,- նշեց Վարդանյանն այսօր՝ հունիսի 18-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած հերթական դատական նիստի ժամանակ:

Հիշեցնենք, որ Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնից 5 մլն 80 հազար դրամ և 10 հազար ռուսական ռուբլի գողանալու մեջ: Նրանք կալանավորված են երկու տարուց ավելի: Կալանավորելու հիմք է ծառայել Հովակիմյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որը, Հովակիմյանի պնդմամբ, ձեռք է բերվել խոշտանգումների միջոցով:

Հովակիմյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը միջնորդություն էր ներկայացրել, որ դատարանում հարցաքննվեր Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Արփենիկ Վարդանյանը, իսկ Վահրամ Քերոբյանի փաստաբանները միջնորդել էին, որ արդեն մեկ անգամ հարցաքննված Արմեն Պապյանը ևս մեկ անգամ հարցաքննվի, որպեսզի Քերոբյանի՝ դատական գործընթացին նոր ներգրավված պաշտպանները լրացուցիչ հարցեր տալու հնարավորություն ունենան:

Պապյանը դատական նիստի ժամանակ հայտնեց, որ գողության օրը, երբ Հովակիմյանն իր հետ գտնվել է Եզնիկ Կողբացի փողոցի վրա գտնվող բուքմեյքերական գրասենյակում: Այդ ընթացքում Ստեփանը հեռախոսով մի քանի զանգեր է կատարել, որոնցից մեկի դեպքում հարցրել է ընկերներից մեկին ին–որ բան խաղադրույք կատարելու վերաբերյալ, իսկ մյուս դեպքում խոսել է ատամանաբույժի մասին:

Նշենք, որ Հովակիմյանը հայտնում է, որ գործին կցված այն տվյալները, թե Հովակիմյանը գողության օրը հեռախոսազրույց է ունեցել Քերոբյանի հետ, դեռ չի նշանակում, որ նրանք խոսել են պլանավորած գողության մասին: Քերոբյանն էլ, Հովակիմյանն էլ նշել են, որ խոսել են ատամնաբույժի մոտ գնալու մասին:

Դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 25-ը՝ ժամը 15:00-ը, քանի որ Գորիսի քրեակատարողական հիմնարկից չէր բերվել գործով վկա ԿարենԿարապետյանը: Նա Հովակիմյանի խցակիցներից մեկն է, ով տեսել է նրան ինքնախոստովանական ցուցմունք տալու օրը ու կարող է խոսել այդ օրը Հովակիմյանի ինքնազգացողության մասին: 

Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am