Նորություններ

Մեկ ու կես ամսվա ընթացքում մեղադրանք չի առաջադրվել

22.06.2012

Հովիկ Համբարձումյան, նկարը՝ azatutyun.am-ի

ԱԺ ընտրությունների օրը`մայիսի 6–ին, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով մեղադրանք չի առաջադրվել:

Այս մասին www.hra.am –ին հաղորդեց Էրեբունի քննչական ծառայության քննիչ Բունիաթ Եղիազարյանը:  Նա նշեց, որ ավելին չի կարող ասել, քանի որ գործով նախաքննություն է ընթանում:

Էլինա Չիլինգարյանը փոխանցմամբ՝ դեռ մեկ ամիս առաջ իրեն ասել են, որ բավարար ապացույցներ չկան տեսանյութի մեջ երևացող  «Վարդան» ներկայացած Հովիկ Համբարձումյանին մեղադրանք առաջադրելու համար, քանի որ տեսանյութի մեջ բացահայտ չի երևում, որ նա հարվածում է լրագրողին:

Հիշեցնենք, որ Էլինա Չիլինգարյանը մայիսի 6-ին դիմել էր ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ տեղեկացնելով, որ մայիսի 6-ին ժամը 11:00-ի սահմաններում, թիվ 178 դպրոցում տեղակայված 12/32 ընտրատեղամասի բակում նկարահանումներ անելիս «Վարդան» անունով ներկայացած անձը հարվածել է իր ձեռքին և փորձել խլել «ՖԼԻՊ» տեսակի նկարահանող սարքը: Հետագայում պարզվել է, որ նա Հովիկ Համբարձումյանն է:

«Ինքը ոչ միայն խոչընդոտել է իմ մասնագիտական գործունեությանը, այլև մարմնական վնասվածք հասցնելու միջոցով ահաբեկել է և փորձել գույքի հափշտակում անել: Եվ այդ ամբողջն արվում էր նրա համար, որ ես չշարունակեմ նկարահանումը»,- www.hra.am –ին ասել էր Էլինա Չիլինգարյանը դեպքից հետո: 

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, պատժվում է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով։

Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am