Նորություններ

Մայիսի 6–ին լրագրողների աշխատանքին խոչընդոտելու գործերով մեղադրյալներ չկան

22.06.2012

ՀՀ ազգային ժողովի ընտրությունների օրը Գյումրիում լրագրողների աշխատանքին խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցված 3 քրեական գործերով մինչ օրս կասկածյալներ կամ ձերբակալվածներ չկան, ոչ ոքի մեղադրանք չի առաջադրվել. այս մասին www.hra.am–ի գրավոր հարցմանը պատասխանել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։

Հիշեցնենք, որ 2 գործերի դեպքում խոչընդոտել են «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող-օպերատորների աշխատանքը:

Մի դեպքում հաղորդում էր ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձը, ով ասել էր, որ Գյումրու քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատոր Վարազդատ Պապիկյանի ձեռքից վերցրել է տեսախցիկը և նրան դուրս հանել ընտրատեղամասից: Այս դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր.օր. 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ԶԼՄ ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը)

Մյուս դեպքում մի խումբ անձինք մտել են ընտրատեղամաս և վերցնելով «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող-օպերատոր Վլադիմիր Խաչատրյանի տեսախցիկը, հեռացել են՝ խոչընդոտելով նրա աշխատանքը: Այս փաստի առթիվ քրգործ է հարուցված Քր.օր. 149-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով (ԶԼՄ ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը մի խումբ անձնաց կողմից)։

Գյումրիում տեղի ունեցած ևս մեկ միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով: Այս դեպքում մի խումբ անձինք խոչընդոտել են «Մաքսինֆո» լրատվական-վերլուծական գործակալության լրագրող-օպերատոր Կարեն Ալեքյանի տեսախցիկը, նրա հագուստի վրայից պոկել լրագրողի վկայականը:

Իսկ «Գալա» հեռուստաընկերության լրագրող Նաիրա Նալբանդյանի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Գյումրիի քննչական բաժինը մերժել է քրեական գործի հարուցումը: Լրագրողը ոստիկանությանը հայտնել էր, որ ընտրությունների նախորդ օրը դիմել է թիվ 33 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Գ. Հովհաննիսյանին՝ պարզաբանումներ ստանալու համար, սակայն նա հրաժարվել է տեղեկություններ տրամադրել, վիճաբանել և խոչընդոտել է լրագրողի գործունեությունը:

Այսիպիսով, ԱԺ ընտրությունների օրը՝ մայիսի 6–ին, լրագրողների աշխատանքին խոչընդոտելու հետևանքով հարուցվել է 4 քրեական գործ (3 դեպք տեղի է ունեցել Գյումրիում, մեկը՝ Երևանում )։ Այս 4 գործերով էլ որևէ մեկին դեռևս մեղադրանք չի առաջադրվել։

Աղբյուրը՝ www.hra.am