Նորություններ

Ամբաստանյալները հայտարարեցին, որ Ռազմական ոստիկանությունում իրենց 9 օր ծեծել ու շանտաժի են ենթարկել

27.06.2012

Արտակ Նազարյանի գործով դատավարություն, հունիսի 26, 2012թ.

«Մոտ 9 ժամ հարցաքննեցին, անկյունում անընդհատ կանգնած էինք, ծեծվելով, տարբեր տարիք և կոչում ունեցող մարդիկ էին մտնում-ելնում, հարցնում էին՝ ով է սպանել, ինձ ասում էին՝մենք գիտենք, որ դու ես սպանել, գրի, որ դու ես սպանել, դե ասա, թե ո՞վ է սպանել: Անուններ էին նշում, սկզբում համարյա բոլորի անուններն էլ նշում էին: Չէի գրում,ասում էի՝ ո՞ւմ անունը տամ, որ ես նման բան չեմ տեսել: Բայց մարդիկ եղան, որ գրեցին մեր անունները, որ իբր մենք ենք դրդել ինքնասպանության, չդիմացան երևի ծեծին»,- դատարանում հայտարարեց Հարութիկ Կիրակոսյանը՝ Արտակ Նազարյանի մահվան գործով ամբաստանյալը։

Հունիսի 26-ին շարունակվեց Նազարյանի մահվան գործով դատաքննությունը. ցուցմունքներ տվեցին ամբաստանյալներ Հարութիկ Կիրակոսյանը և Ադիբեկ Հովհաննիսյանը: Ամբաստանյալներն ասացին, որ Բերդ քաղաքում՝ Ռազմական ոստիկանությունում, իրենց 9 օր ծեծել, շանտաժի են ենթարկել:

Հ. Կիրակոսյանի խոսքերով՝ ծեծի հետևանքով իր ոտնաթաթն ուռել էր, պատերից բռնելով էր քայլում, ռազմական հոսպիտալի պետը և նրա տեղակալը եկել-տեսել են, իրեն տեղափոխել են հոսպիտալ, սակայն այնտեղ չեն բուժել, քանի որ այդ պահին իրեն արդեն ներգրավել գործում՝ որպես մեղադրյալ:

Հարութիկ Կիրակոսյանը ժխտեց, թե ինքն Արտակ Նազարյանի հետ կռվի է բռնվել, բռնել նրա վզից, փորձել խեղդել: Նա ասաց, որ չէր կարող սպայի հետ կռվել, բացի այդ Արտակ Նազարյանը ֆիզիկապես ուժեղ էր, պարապում էր ծանրաձողով, սպորտային կազմվածք ուներ: Ադիբեկ Հովհաննիսյանն էլ ժխտեց, որ մի առիթով Արտակ Նազարյանը խփել է իր ձախ ուսին դաջված խաչին, իբր ինքն էլ հարվածել է Նազարյանին:

Տուժողի իրավահաջորդի պաշտպան, փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտարարեց, որ Հարութիկ Կիրակոսյանը Արտակ Նազարյանի սպանության հետ կապ չունի, որ նա հանիրավի մեղադրվել է, նրա նկատմամբ Ռազմական ոստիկանությունում դրսևորվել է անմարդկային վերաբերմունք, Կիրակոսյանը ենթարկվել է դաժան խոշտանգումների, շուրջ մեկ տարի ապօրինի պահվել է կալանքի տակ միայն այն բանի համար, որ ի տարբերություն գործում ներգրավված զինվոր վկաների, չի վկայել իր ծառայակիցների դեմ:

Շուշանյանի խոսքերով՝նախաքննական մարմինները հորինել են Արտակ Նազարյանի ինքնասպանության վերաբերյալ կեղծ վարկածներ, փորձ է արվել Հարութիկ Կիրակոսյանից ստանալ դա հաստատող ցուցմունքներ : Մ. Շուշանյանը միջնորդեց, որպեսզի Հ. Կիրակոսյանի ծեծի՝ որպես կատարված հանցագործության, կապակցությամբ դատարանը քրեական գործ հարուցելու պահանջով դիմի դատախազություն: Մ. Շուշանյանի միջնորդությանը միացան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը, Վահագն Հայրապետյանի պաշտպան Լևոն Պողոսյանը: Մեղադրող Հարություն Հարությունյանն ասաց, որ Հարութիկ Կիրակոսյանը որպես ամբաստանյալ կարող է դատարանում սուտ ցուցմունք տալ, նա նախազգուշացված չէ սուտ ցուցմունք տալու դեպքում պատասխանատվության ենթարկվելու մասին, որ եթե դատարանում խոսվում է կատարված հանցագործության մասին, ապա համապատասխան պաշտոնատարները պատշաճ կերպով պետք է նրանից այդ մասին հաղորդում վերցնեն, Հ. Կիրակոսյանն էլ զգուշացվի սուտ մատնության դեպքում պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ:

Դատարանը որոշեց Մ. Շուշանյանի միջնորդությունը քննարկել դատավարության ավարտին:

Ամբաստանյալ Ադիբեկ Հովհաննիսյանն էլ հայտարարեց, որ ինքը նախաքննության ընթացքում, ռազմական ոստիկանությունում ծեծի է ենթարկվել: Նա, ինչպես և Հարութիկ Կիրակոսյանը, նշեցին, որ Ռազմական ոստիկանությունում՝ վերևի սենյակից, ուր հարցաքննությունն էր ընթանում, իրենք ցավագին ճիչեր էին լսում:

Մեղադրող Հարություն Հարությունյանը գտնելով, որ էական հակասություններ կան ամբաստանյալ Ադիբեկ Հովհաննիսյանի դատարանում տված և նախաքննական ցուցմունքների միջև, միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Հունիսի 26-ին հրապարակվեցին այդ ցուցմունքներից երկուսը: Դրանից հետո Ադիբեկ Հովհաննիսյանը պատասխանելով դատավարության մասնակիցների հարցերին,վերահաստատեց, որ նախաքննության ընթացքում ինքը ցուցմունքներ է տվել ծեծի և ճնշման հետևանքով և որ այդ ցուցմունքները ճշմարիտ չեն:

Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 27-ին:

Ոսկան Սարգսյան
Իջևան

Աղբյուրը՝ www.hra.am