Նորություններ

Պահանջում են փորձաքննության ենթարկել համակարգիչը

03.07.2012

Դատավոր Մխիթար Պապոյան

«Մոսկվա» կինոթատրոնից գողություն կատարելու գործով դատարանում երկրորդ անգամ կհարցաքննվեն տուժողի ներակայացուցիչ, կինոթատրոնի փոխտնօրեն Նորայր Ազատյանը և կինոթատրոնի գլխավոր հաշվապահ Նինա Ադոյանը: Դատարանը ցանկանում է պարզել՝ որտեղ է այն համակարգիչը, ուր մուտքագրված է վաճառված տոմսերի վերաբերյալ տեղեկատվությունը և կինոթատրոնի շահույթի հետ կապված այլ հարցեր: Դրանից է կախված՝ դատարանը կնշանակի՞ դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն, թե՝ ոչ:

Համակարգիչը փորձաքննության ենթարկելու միջնորդությունը այսօր՝ հուլիսի 3-ին, դատարանին է ներկայացրել «Մոսկվա» կինոթատրոնից գողություն կատարելու մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանի փաստաբանը՝ Տիգրան Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնից 5 մլն 80 հազար դրամ և 10 հազար ռուսական ռուբլի գողանալու մեջ: Նրանք կալանավորված են երկու տարուց ավելի: Կալանավորելու հիմք է ծառայել Հովակիմյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որը, նրա պնդմամբ, ձեռք բերվել խոշտանգման  հետևանքով: Նրանց մեղքն ապացուցող այլ հանգամանք գործում առկա չէ:

Սաֆարյանը դատարանում նշեց, որ գողացված գումարի չափը գործի քննության ընթացքում որևէ ապացույցով չի հիմնավորվել: «Տուժողի կողմից ներկայացված փաստաթղթերը չեն կարող օգտագործվել որպես ապացույց՝ արժանահավատ, ճշգրիտ չլինելու, կեղծիքներով կազմված լինելու պատճառով: Բացի այդ, կինոթատրոնի ներկայացուցիչները նախաքննության և դատական քննությունների ընթացքում տվել են իրար հակասող ցուցմունքներ»,- հայտարարեց փաստաբանը՝ պահանջելով նշանակել դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն:

Նա հիշեցրեց, որ հարցաքննված վկաները նախ չեն իմացել գողացված գումարի չափը, հետո նշել են որոշակի գումար, որն ապացուցելու համար ներկայացրել են անճշտություններով լի համակարգչային մի քանի փաստաթղթեր: Օրինակ՝ նշվում է, որ վաճառվել է 3 հատ 1000 դրամանոց տոմս, բայց ընդհանուր գումարը 3000 դրամի փոխարեն 30.000 է նշված և այլն:

Փաստաբանը նաև հիշեցրեց, որ նախաքննության ընթացքում կինոթատրոնի ներկայացուցիչները նշում էին, որ գողացվել է 3 օրում վաճառված տոմսերի գումարը, իսկ հետագայում 3 օրը դարձել է 7 օր:

Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակված է հուլիսի 12-ին` ժամը 14:00-ին:

Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am