Նորություններ

Անչափահասների հետ տարվող աշխատանքը քրեակատարողական հիմնարկում

10.07.2012

Հուլիսի 4-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն աշխատանքային քննարկում էր նախաձեռնել ներկայացնելու «Աբովյան» ՔԿՀ–ում անչափահասների հետ տարվող սոցիալ-հոգեբանական աշխատանքների և կրթական գործընթացի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված հիմնական խնդիրները։

Քննարկմանը ներկա էին Քրեակատարողական վարչության ներկայացուցիչներ, «Աբովյան» ՔԿՀ աշխատակիցներ, տեղական և միջազգային կազմակերպությունների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ։

Անչափահասների առօրյան քրեկատարողական հիմնարկում

«Աբովյան» ՔԿՀ աշխատակազմի 10 անդամների հետ հարցազրույցների արդյունքում պարզվել է, որ կա  համապատասխան մասնագիտական կրթությամբ, փորձառու աշխատակիցների ներգրավման անհրաժեշտություն: Մեկ հոգեբանը լիարժեք չի կարող աշխատել և´ կանանց, և´ մեկուսարանում գտնվող կալանավորված անչափահասների, և´ դատապարտյալ անչափահասների հետ: Անհրաժեշտ է նաև ավելացնել սոցիալական աշխատողի հաստիք։  

«Աբովյան» ՔԿՀ–ում անչափահասների կրթությունը փաստացի պարտադիր չէ. ըստ հարցումների՝ դասերին մասնակցում են այն անչափահասները, ովքեր ցանկանում են։

«Աբովյան» ՔԿՀ–ում գործող դպրոցն ունի 15 աշխատակից։ Դպրոցի աշխատանքը սկսվում է ժամը 9.00-ին, առավոտյան կատարվում է դասաբաշխում, որից հետո ուսուցիչները կամ գնում են մեկուսարան՝ կալանավորված անչափահասների հետ դասեր անցկացնելու, կամ մնում են դպրոցում՝ դատապարտյալների հետ աշխատելու։ Մանկավարժները հավաքվում են, որոշում են` ով որտեղ պետք է գնա, քանի որ հստակ գրաֆիկ մեկուսարանում գտնվող աշակերտների համար չկա: Լուծված չէ ՔԿՀ–ում գտնվող անչափահասների դասագրքերով և գրենական պիտույքներով ապահովման հարցը։ Դպրոցն ունի ջեռուցման և վերանորոգման խնդիր։  

Հայ Առաքելական Եկեղեցու ՔԿՀ սպասարկող բաժնի քահանայի հետ շփվելու հնարավորություն ընձեռնված է թե´ կալանավորված, թե´ դատապարտյալ անչափահասներին:

Հարցումների ընթացքում նշվել է անչափահասների  սև հագուստի՝ հոգեբանական ճնշման մասին. առաջարկ է հնչել փոխել հագուստի գունային ձևավորումը՝ հաշվի առնելով անչափահասների ցանկությունները կամ թույլատրել անչափահասներին քաղաքացիական հագուստ կրել։

Դատապարտյալ անչափահասները ցանկացած աշխատանքի ներգրավվում են՝ ըստ սեփական ցանկության և կարողությունների

Ուսումնասիրելով տարբեր աշխատանքներում անչափահասների ներգրավման հնարավորություններն ու սկզբունքները` բացահայտվել են հստակ տարբերություններ կալանավորված և դատապարտյալ անչափահասների ներգրավման առումով։ Կալանավորվածները չեն մասնակցում որևէ աշխատանքի, իսկ օրինակ՝ ուսումնասիրության ժամանակահատվածում դատապարտյալներից երկուսը մասնակցում էին տեխնիկա-տնտեսական ոլորտի սպասարկման աշխատանքներին, որի դիմաց ստանում էին վարձատրություն: Մյուս դատապարտյալները մասնակցում են հանրօգուտ աշխատանքներին` հիմնարկի բարեկարգում, մաքրության ապահովում, կանաչապատում, ծառահատում, իրենց սենյակների վերանորոգում, տոն օրերին` համերգների կազմակերպում, ձմռանը` ձյան մաքրում: Այնուամենայնիվ, բոլոր դատապարտյալ անչափահասներն էլ ցանկացած աշխատանքի ներգրավվում են ըստ սեփական ցանկության և կարողությունների:

Չնայած ժամանցի և հանգստի կազմակերպման համար ՔԿՀ–ն նախաձեռնում է մի շարք միջոցառումներ, սակայն դրանց մասնակցելու համար կալանավորված անչափահասների հնարավորությունները սահմանափակ են, նրանց թույլատրված չէ խցերից դուրս գալ։

ՔԿՀ-ի կողմից որևէ աշխատանք չի իրականացվում անչափահասների պատժից ազատվելուց հետո.  նրանք չեն վերահսկվում, չի կազմակերպվում նրանց միջնակարգ և մասնագիտական կրթական հաստատություններում ներգրավման գործընթացը և այլն:

Աշխատանքային քննարկման ընթացքում մասնակիցներն իրենց տեսակետները և  դիտողությունները հայտնեցին, որոնք հաշվի կառնվեն ուսումնասիրությունը վերջնական տեսքով հրապարակելիս։

Ուսումնասիրությունն իրականացվել է Միջազգային բանտային բարեփոխումներ (PRI) կազմակերպության աջակցությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համատեղ։ 

Աղբյուրը՝ www.hra.am