Նորություններ

Գյումրեցի երեխաները կոչ են անում պահպանել շրջակա միջավայրը

13.07.2012

Գյումրիի խաղահրապարակներից մեկում մարդկանց նետած աղբը տխուր դեմքով մարդուկի կերպարանք էր ընդունել այնքան ժամանակ մինչև երեխաները չհավաքեցին աղբը՝ վերածելով այն ծաղիկներով տնկված ուրախ մարդուկի:

Սա «Մուշ» զարգացման կենտրոն ՀԿ–ի՝ լուսանկարչության խմբակի 15–17 տարեկան սաների գաղափարով նկարահանված բնապահպանական սոցիալական գովազդի բովանդակությունն է, որն ուշադրություն է հրավիրում Գյումրի քաղաքում աղբահանության խնդրին: Սոցիալական հոլովակն առաջին անգամ ներկայացվեց Երևանում հուլիսի 13–ին՝  լուսանկարների ցուցահանդեսի ընթացքում, որը կազմակերպվել էր «Համայնքների ձայնը`հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակում։ 

Խմբակը գործում է Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության Գյումրու տարածքային զարգացման ծրագրի օժանդակությամբ: Ինչպես www.hra.am -ին հայտնեց «Համայնքների ձայնը`հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեն,  երեխաները միշտ կազմակերպում են նկարների ցուցահանդեսներ Գյումրիում, բայց այս մեկը տարբերվեց նրանով, որ նախ կազմակերպվեց Երևանում, հետո՝ երեխաները ներակայացրեցին իրենց պատրաստած առաջին սոցիալական հոլովակը:

«Տեսահոլովակի մեջ ներկայացված բակն այն բացառիկ բակերից մեկն է մեր քաղաքում, որն ունի խաղահրապարակ, ու ոչ բոլոր մանուկներն են կարողանում վայելել իրենց հանգիստն ու խաղը: Մենք նկարեցինք տեսահոլովակ հենց այս թեմայով, որ բոլորին կոչ անենք պահպանել իրենց ունեցածը»,- ասում է տեսահոլովակի հեղինակներից 17–ամյա Ռիմա Նազարեթյանը:

Համահեղինակներից 17–ամյա Գոհար Հակոբյանը հավելեց, որ յուրաքանչյուրը պետք է կարողանա բարելավել իր շրջակա աշխարհը, քանի որ ինչպես տեսահոլովակի վերջում է ասվում՝ «Մեր բակը մեր դեմքն է»:

Երեխաները հիմնականում առաջարկում էին, որ տեղական ինքնակառավարման մարմիններն ու ՀՀ կառավարությունը զբաղվեն բնապահպանական հարցերով:

Տեղի ունեցավ նաև լուսանկարների ցուցադրություն «Հայոց ազգի բանակ», «Աշխարհը մեր աչքերով», «Մեր եկեղեցիները և մեր եկեղեցական տոները», «Միասին նշենք անկախության տոնը», «Հարգանքի տուրք Եղեռնի զոհերի հիշատակին» խորագրերով:

Ֆոտոխմբակի ղեկավար Արտաշես Հակոբյանը կարծում է, որ խմբակը 7 տարիների ընթացքում զարգացել  է: Երեխաները սովորում են լուսանկարել ու տիրապետել տեսական ու  համակարգչային գիտելիքների, որոնք անհարժեշտ են ապագա լուսանկարներին:

17–ամյա Տատյանա Հակոբյանը նշում է, որ ֆոտոխմբակին մասնակցելը շատ արդյունավետ է եղել. շրջապատի ամեն մի շարժում նրա համար այժմ կադր է ու նկար: Թեև ապագայում հոգեբան է դառնալու, բայց համոզված է, որ շարունակելու է նաև լուսանկարել:

«Համայնքների ձայնը հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ծրագիրն իրականացնում է Վորլդ Վիժն Հայաստանը՝  Հայաստանի Հելսինկյան կոմիտեի և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ի հետ համատեղ։  

Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am