Նորություններ

Հեռախոսային խոսակցությունների վերծանումները ստանալու միջնորդությունները մերժվեցին

13.07.2012

«Մոսկվա» կինոթատրոնի փոխտնօրեն Նորայր Ազատյանը և կինոթատրոնի գլխավոր հաշվապահ Նինա Ադոյանը կինոթատրոնից գողություն կատարելու գործով հերթական դատարան նիստի ժամանակ՝ հուլիսի 12-ին, հայտնեցին, որ վաճառված տոմսերի վերաբերյալ տեղեկատվություն պարունակող համակարգիչը դուրս է գրվել մեկ տարի առաջ: Այսինքն` պաշտպան Տիգրան Սաֆարյանի կողմից դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն անցկացնելու միջնորդությունը հնարավոր չի լինի իրականացնել:

Հիշեցնենք, որ այս գողության՝ «Մոսկվա» կինոթատրոնից 5 մլն 80 հազար դրամ և 10 հազար ռուսական ռուբլի գողանալու մեջ մեղադրվում են Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը: Նրանք կալանավորված են երկու տարուց ավելի: Կալանավորելու հիմք է ծառայել Հովակիմյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որը, նրա պնդմամբ, ձեռք բերվել խոշտանգման հետևանքով: Նրանց մեղքն ապացուցող այլ հանգամանք գործում առկա չէ:

Ինչպես նշում է Հովակիմյանի փաստաբանը, գողացված գումարի չափը գործի քննության ընթացքում որևէ ապացույցով չի հիմնավորվել, իսկ ներկայացված փաստաթուղթը պարունակում է անճշտություններ՝ օրինակ՝ նշվում է, որ վաճառվել է 3 հատ 1000 դրամանոց տոմս, բայց ընդհանուր գումարը 3000 դրամի փոխարեն 30.000 է նշված և այլն:

«Անճշտությունը պետք է ստուգվեր նախաքննության ընթացքում նույն համակարգչատեխնիկական փորձաքննությունn անցկացնելու միջոցով, որը չի արվել»,- ասում է Սաֆարյանը:

Դատարանը փաստաբանների խնդրանքով «Մոսկվա» կինոթատրոնի փոխտնօրենին խնդրեց հաջորդ դատական նիստին ներկայացնել այն փաստաթղթերը, որով կհիմնավորվի համակարգչի դուրսգրումը:

Այս դատական նիստի ժամանակ ցուցմունք տվեց նաև Գորիսի քրեակատարողական հիմնարկից բերված գործով վկա, ամբաստանյալ Կարեն Կարապետյանը, ով եղել է Հովակիմյանի խցակիցներից մեկը, երբ Հովակիմյանին առաջին անգամ տարել են կալանավայր՝ Հովակիմյանի պնդմամբ, խոշտանգումների ենթարկելուց հետո:

«Մենք նորմալ հարաբերությունների մեջ ենք եղել Ստեփան Հովակիմյանի հետ: Երբ նրան բերեցին մեր խուց նրա ոտքերը ցավում էին, չէր կարողանում քայլել ու գլուխն էր ցավում: Հիշում եմ, որ հաճախ բժշկի օգնության կարիք էր ունենում»,- դատարանում նշեց Կարապետյանը:

Դատական նիստի ժամանակ պաշտպան Տիգրան Սաֆարյանը 2 միջնորդություն ներկայացրեց, որ դատարանը պահանջի «Արմենթել» ՓԲԸ-ից վերցնել սույն գործով վկա Նինա Ադոյանի, ինչպես նաև Մոսկվա կինոթատրոնի քաղաքային հեռախոսահամարների, կինոթատրոնի տնօրենի ու փոխտնօրենի անձնական հեռախոսահամարների մուտքային ու ելքային զանգերի վերծանումները ու սպասարկած ալեհավաքների մասին տեղեկությունները գողության օրից մինչև Հովակիմյանին ձերբակալելու օրը ընկած հատվածում՝ այսինքն հունվարի 10-ից փետրվարի 6-ը:

Սաֆարյանն իր միջնորդությունը բացատրեց նրանով, որ կան կասկածներ գողացված գումարի ու Ադոյանի գործի հաճախելու կամ չհաճախելու վերաբերյալ, որոնց պատասխանները կարող են ստանալ միայն վերծանումները լսելով: Դատարանը մերժեց 2 միջնորդություններն էլ:

«Այդ տեղեկությունների ստանալը կապված է անձի անձնական կյանքի իրավունքների հետ, այսինքն դա անձի սահմանադրական իրավունքն է և դատարանը գտնում է, որ Տիգրան Սաֆարյանի կողմից ներկայացրած միջնորդությունն իր պատճառաբանությամբ բավարար չէ այն բավարարելու համար: Սույն քրեական գործով բազմաթիվ վկաներ են հարցաքննվել ու ապացույցներ են հետազոտվել, իսկ անձի սահմանադարական իրավունքը խախտելը միայն այն պատճառով, որ պաշտպանական կողմը կասկածում է այդ ցուցմունքների արժանահավատությանը, բավարար չէ»,- ասաց Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 17-ին՝ ժամը 16:00-ին:

Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am