Նորություններ

Ամուսինը սպանե՞լ է հղի կնոջը, թե՝ հասցրել ինքնասպանության

14.07.2012

Կոտայքի մարզի Առինջ գյուղում հուլիսի 12-ին մահացել է 21-ամյա Մարո Գուլոյանը: Մարոն մոտ 4 ամսական հղի է եղել և 1,8 տարեկան աղջիկ ունի: Մարոյի հուղարկավորությունն այսօր է՝ Բյուրեղավանում գտնվող հայրական տանից։

Հարազատների պատմելով՝ Մարոյի ընտանեկան կյանքը շատ ծանր է եղել. նա մշտապես կապտուկների մեջ է եղել։ Ամուսինը՝ Գևորգ Գուլոյանը, դաժան ծեծերի է ենթարկել նրան։ Մարոն,  չդիմանալով ուզել է բաժանվել ամուսնուց, բայց վախեցել է, ամուսինը սպառնացել է «մորթել եղբորը», եթե Մարոն իրենց տանից դուրս գա։

Խոսակցություններ կան, որ մահվանից 20 րոպե առաջ Մարոն զանգահարել է իր զույգ եղբորը` Մհեր Թովմասյանին, կանչել իր մոտ և ասել, որ ուզում է բաժանվել ամուսնուց: Խնդրել է երեկոյան ծնողների հետ գալ իր և երեխայի հետևից: Եղբոր հետ հանդիպումից կես ժամ անց հարազատներին տեղեկացրել են, որ Մարոն ինքնասպանության փորձ է արել և նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ աղջիկը մահացել է:

«Կոտայքի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1–ին մասով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախաքննությունը շարունակվում է»,– մեր հարցմանը պատասխանեց Արմեն Մալխասյանը՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ԶԼՄ–ների հետ կապի վերլուծության և լրատվության բաժնի պետը։

ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասը նախատեսում է առավելագույնը երեք տարվա ազատազրկում ինքնասպանության հասցնելու համար։

Մարոյի հարազատները համոզված են, որ եղբոր գնալուց հետո ամուսինը սպանել է նրան: Նրանք չեն հավատում ինքնասպանության վարկածին և ասում են, որ աղջկա պարանոցին պարանի հետքեր չեն, այլ՝ մատնահետքեր: Հարազատները կասկածում են, որ Մարոյին խեղդել է ամուսինը: Մարոյի ամուսինը ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի ազգականն է:

Հարազատները համոզված են, որ դեպքը կոծկվելու է. մինչ այս պահը ոստիկանության որևէ ներկայացուցիչ չի այցելել հարազատներին:

Նկարը՝ Կանանց իրավունքների կենտրոնի

Աղբյուրը՝ www.hra.am