Նորություններ

Առանցքային վկան գրեթե ոչինչ չէր հիշում

18.07.2012

Արտակ Նազարյանի գործով դատավարություն, հուլիսի 17, 2012թ.

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հուլիսի 17-ի նիստում հարցաքննվեց գործով առանցքային վկա Արման Մնացականյանը: Նա 6 ամիս դատական նիստերին չէր ներկայանում: Վաղարշապատի ոստիկանությունից, տեղի բժշկական կենտրոնից տեղեկանքներ էին ներկայացվում դատարան՝ Արմանի հիվանդ լինելու և այդ պատճառով արտերկրում գտնվելու մասին:

Դատարանում վկան շատ լարված էր, չէր նայում նախկին ծառայակից ամբաստանյալների ուղղությամբ, իսկ տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի հարցերին պատասխանում էր կտրուկ, ագրեսիվ տոնով, ինչի պատճառով դատավոր Սամվել Մարդանյանի կողմից դիտողության արժանացավ: Դատավարության մասնակիցներն այդպես էլ չիմացան՝ նա 6 ամիս ի՞նչ հիվանդությամբ է տառապել, որտե՞ղ է բուժվել, ի՞նչ դեղեր է ընդունել, եղե՞լ է արտերկրում բուժման նպատակով:

«Ես իմ անձնականն այստեղ չեմ քննարկում: Իմ առողջություն ավելի կարևոր է: Թե որտեղ եմ եղել, դա միայն ինձ է վերաբերում»,- հայտարարեց հենակետում որպես խոհարար ծառայած Ա. Մնացականյանը: Նա ասաց, որ իր հիվանդությունը սրտի հետ է կապված, սակայն չկարողացավ ասել հիվանդության անվանումը:

Գործով մեղադրող Հարություն Հարությունյանը և դատավոր Սամվել Մարդանյանը դեմ էին, հիվանդության վերաբերյալ վկային ուղղվող հարցերին, քանի որ այն քրեական գործի հանգամանքների հետ կապ չունի: Դատական նիստերից մեկի ժամանակ գլխավոր ամբաստանյալ Հակոբ Մանուկյանը դատարանում հայտնել էր, որ Ռազմական ոստիկանությունում Արման Մնացականյանն իր հետ առերես հարցաքննության ժամանակ ասել էր, թե Մանուկյանն է սպանել Արտակ Նազարյանին: Սակայն հետո քննիչները հրաժարվել էին նրա այդ մեղադրանքը պաշտպանելուց: Պատասխանելով մեղադրող Հարություն Հարությունյանի հարցին,վկա Մնացականյանը ժխտեց, թե ինքը նման բան է ասել:

Արման Մնացականյանը շատ հարցերի պատասխանելիս պարզապես ասում էր` չեմ հիշում: Ամբաստանյալ զինվորների պաշտպան Ալվարդ Մնացականյանը նրան հարցրեց, թե շփվո՞ղ էր Արտակ Նազարյանը, ինչպիսի՞ն էին Արտակ Նազարյանի և իր պաշտպանյալ զինվորների հարաբերությունները, վկան կրկին նշեց, որ ինքը չի հիշում:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը դատարանում հայտարարեց, որ վկա Մնացականյանի ցուցմունքները կորզված են բռնի կերպով, դրանք կեղծ են, ուստի այս փուլում իրենք նպատակահարմար չեն գտնում նրան հարցեր ուղղել: Իրավապաշտպանի խոսքերով՝ դատի ընթացքում հակասությունները ավելանում են, գործով ապացույցների հետազոտությունից հետո իրենք Մնացականյանին հարցեր կուղղեն:

Կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանն նշեց, որ Արման Մնացականյանի ցուցմունքները ձեռք են բերվել Քրեական դատավարության օրենսգրքի խախտումներով, որ ինքը միջնորդելու է դրանք համարել անթույլատրելի ապացույցներ: Հրանտ Գևորգյանը, վկային մատնացույց անելով նրա նախաքննական ցուցմունքներից մեկը, հարցրեց՝ այն նրա՞ ձեռագիրն է: Արման Մնացականյանը հարցին դրական պատասխանեց: Պաշտպան Գևորգյանը նրան առաջարկեց իր այդ ցուցմունքից թեկուզ մի բառ կարդալ: Դատավոր Սամվել Մարդանյանը պաշտպանին առաջարկեց հարցեր տալ վկային: Հրանտ Գևորգյանը դատավորին հակադարձեց.«Ես չմիջամտեցի , երբ դուք անօրինական կերպով էիք վարում նիստը»:Դատավորը դատական սանկցիա կիրառելով` պաշտպան Գևորգյանին «զգուշացում» հայտարարեց: Հ. Գևորգյանը հայտարարեց, որ ինքը նախկինում միջնորդել է կատարել Արման Մնացականյանի նախաքննական ցուցմունքի դատաձայնագրային փորձաքննություն, սակայն դատարանն այդ միջնորդությունը չի քննարկել, պաշտպանը կրկին պնդեց փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտությունը:

Այնուհետև դատարանն անցավ գործով ապացույցների հետազոտությանը: Հրապարակվեցին Արտակ Նազարյանի դիակի դատական փորձաքննության արդյունքները: Ըստ դատական փորձագետի` Արտակ Նազարյանի մահը վրա է հասել բերանում հրազենային կրակոցի հետևանքով: Փորձաքննության տեքստում բազում հիշատակումներ կան Նազարյանի մարմնի տարբեր մասերում տարբեր աստիճանի վնասվածքների մասին: Նազարյանի արյան և մեզի փորձաքննությամբ պարզվել է, որ Արտակ Նազարյանը մահվանից մեկ, մեկուկես ժամ առաջ ոգելից խմիչք է օգտագործել, եղել միջին աստիճանի խմածության վիճակում: Մինչ այժմ դատարանում հրապարակված ցուցմունքներից և ապացույցներից պարզ չէ , թե որտե՞ղ և ինչպե՞ս է լեյտենանտ Նազարյանը ոգելից խմիչք օգտագործել:

Դատական հաջորդ նիստը կկայանա հուլիսի 18-ին:

Ոսկան Սարգսյան
Իջևան

Աղբյուրը՝ www.hra.am