Նորություններ

Համակարգիչը դեն նետելու հիմնավորումներն արժանահավատ չեն

19.07.2012

Նորայր Ազատյանը և Բենիամին Հովակիմյանը` նիստից հետո

Արդեն 3 դատական նիստ է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Մոսկվա» կինոթատրոնից գողություն կատարելու գործով չեն կարողանում պարզել, թե ի՞նչ է եղել իրեղեն ապացույց համարվող համակարգչի և դրա կոշտ սկավառակների հետ:

Կինոթատրոնի ղեկավարներն իրար հակասող ցուցմունքներով պնդում են, որ տեխնիկական վերազինում են իրականացրել, պաշտպանական կողմը չի հավատում նրանց, քանի որ կինոթատրոնից չեն ներկայացվում իրենց ասածը հաստատող ֆինանսական փաստաթղթեր:

Այս ամենի հետևանքով պաշտպան Տիգրան Սաֆարյանի կողմից դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն անցկացնելու միջնորդության պատասխանն անընդհատ հետաձգվում է:

Հիշեցնենք, որ այս գողության՝ «Մոսկվա» կինոթատրոնից 5 մլն 80 հազար դրամ և 10 հազար ռուսական ռուբլի գողանալու մեջ մեղադրվում են Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը: Նրանք կալանավորված են երկու տարուց ավելի: Կալանավորելու հիմք է ծառայել Հովակիմյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որը, նրա պնդմամբ, ձեռք բերվել խոշտանգման հետևանքով: Նրանց մեղքն ապացուցող այլ հանգամանք գործում առկա չէ:

Ինչպես նշում է Հովակիմյանի փաստաբանը, գողացված գումարի չափը գործի քննության ընթացքում որևէ ապացույցով չի հիմնավորվել, իսկ ներկայացված փաստաթուղթը պարունակում է անճշտություններ. օրինակ՝ նշվում է, որ վաճառվել է 3 հատ 1000 դրամանոց տոմս, բայց ընդհանուր գումարը 3000 դրամի փոխարեն 30.000 է նշված և այլն: Անճշտությունները հասկանալու համար էլ փաստաբանը պնդում է, որ անցկացվի դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն:

Հունիսի 17-19 կայացած դատական նիստերի ընթացքում տուժող Նորայր Ազատյանը ներակայացրեց ֆինանսական մի քանի փաստաթղթեր, որոնք պաշտպանական կողմի պնդմամբ այդպես էլ չեն պատասխանում իրենց հարցերին: Հունիսի 18-ին դատարանում 2 անգամ հարցաքննվեց կինոթատրոնի  համակարգչային սպասարկման բաժնի մասնագետներից Ռուբեն Խանզադյանը, ով իրարամերժ ցուցմունքներ տվեց:

Նախ հայտնեց, որ համակարգիչը ունեցել է երկու կոշտ սկավառակ (hard drive), որոնցից մեկը՝ բազային սկավառակը, շարքից դուրս է եկել, իսկ մյուսը ծրագրային սկավառակը, որն, ի դեպ, նոր է եղել ու չի օգտագործվել, պահել են կամ հաշվապահության կամ էլ դրամարկղի սենյակում:

Քերոբյանի պաշտպանը՝ Լուսինե Սահակյանը, միջնորդեց, որ փորձաքննության ենթարկվի երկրորդ սկավառակը, որից հետո դատարանում խառնաշփոթ սկսվեց: Տուժող կողմի ներկայացուցիչ Ազատյանը հայտնեց, որ վկայի ցուցմունքը սխալ է հասկացվել ու Խանզադյանն ուզել է ասել, որ համակարգչի մասը, ոչ թե կինոթատրոնում է, այլ գոյություն չունի:

Վկան ցուցմունք տալուց հետո նստել էր Ազատյանի կողքին և միայն Սահակյանի միջնորդությունից հետո դատավորի վճռով հեռացավ դահլիճից: Սահակյանը մեղադրում էր տուժածին վկային ուղղորդելու մեջ:

Տուժող կողմը միջնորդեց, որ Խանզադյանին նորից հարցաքննեն, որին առարկեց փաստաբան Սահակյանը նշելով, որ Ազատյանն ուղղորդել է վկային, սակայն դատավորը բավարարեց տուժողի պահանջը:

Վկան երկրորդ անգամ նշեց, որ իրենք ոչ մի տեղ էլ չեն պահել կոշտ սկավառակը, այլ պարզապես դեն են նետել այն: Սահակյանի այն հարցին, թե ինչո՞ւ են նոր սկավառակը նետել, Խանզադյանը պատասխանեց, որ 20 գեգաբայթ հիշողությամբ սկավառակի կարիք չեն ունեցել, դրա համար էլ նետել են:

«Շատ տարօրինակ է, որ նրանք որոշել են փոխել սկավառակն ու այն, որ 6 ամիսը մեկ նրա վրա գրված ինֆորմացիան մեխանիկորեն ջնջնվում է: Անգամ եթե այդ սկավառակը 20 գեգաբայթ հիշողություն է ունեցել, որը անհավատալի է 2010թ.-ի համար, այն կինոթատրոնին կարող էր ծառայել 15 տարի»,- www.hra.am –ին ասում է Հովակիմյանի հայրը՝ Բենիամին Հովակիմյանը, ով տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ է:

Սահակյանը հուլիսի 19-ին դատարանում հայտնեց, որ  համոզված է՝ Խանզադյանի վկայությունն իրականությանը չի համապատասխանում, քանի որ կինոթատրոնը այդպես էլ չներակայացրեց դրանք հաստատող փաստաթղթեր:

«Մենք գիտենք, որ եթե ընկերությունը գործարք է կատարում անկախ նրանից փոխանցումով, թե՝ կանխիկ, ընկերությունում դա պարտադիր որոշակի գրանցում է ստանում անկախ նրանից դա 100 դրամ է, թե  1000: Եթե այդպես չլիներ ընկերությունը չէր կարող ձեռք բերել որևէ գույք: Այդ կոշտ սկավառակը, ակնհայտ է, որ չի վառվել, քանի որ այդպես էլ դա ապացուցող որևէ փաստաթուղթ չներկայացվեց, դատարանը նաև պահանջել է այն ընկերության տվյալները, որին ներակայացրել են այդ կոշտ սկավառակը սարքելու համար, սակայն այդ տվյալները տուժող կողմը ևս չներկայացրեց»,- դատարանում հայտարարությամբ հանդես եկավ Լուսինե Սահակյանը:

Տիգրան Սաֆարյանը նոր միջնորդություն ներկայացրեց՝ խնդրելով, որ իր  միջնորդությունը քննարկվի վերաձևակերպված ձևով և փորձագետներին ներկայացվի ներկայումս Մոսկվա կինոթատրոնի կողմից շահագործվող համակարգիչն ու պատասխաններ տրվեն այն հարցերին, թե ի՞նչ ծրագրեր են տեղադրված համակարգչում, ե՞րբ են տեղադրվել, տեղադրվելու ժամանակ արդյո՞ք կատարվել է նախորդ սերվերի տվյալների փոխանցում ու համապատասխանեցում:

«Եթե իրականացվել են, ուրեմն խնդրում եմ փորձագետները պատասխանեն նաև նախորդ միջնորդությունում առաջ քաշած հարցերին»,- դատարանում  միջնորդեց Սաֆարյանը:

Միջնորդությանը պատասխանը հայտնի կդառնա հուլիսի 20-ին՝ ժամը 14:00-ին:

Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am