Նորություններ

«Մոսկվա» կինոթատրոնի գողության գործով շուտով վճիռ կլինի. դատավարությունը հասել է վերջնական փուլին

20.07.2012

Դատավոր Մխիթար Պապոյան

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը մերժեց պաշտպան Տիգրան Սաֆարյանի դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն անցկացնելու միջնորդությունը:

Հուլիսի 19-ին Սաֆարյանը վերաձևակերպել էր իր միջնորդությունը՝ խնդրելով, որ փորձաքննության ենթարկվի  «Մոսկվա» կինոթատրոնի կողմից շահագործվող համակարգիչն ու պատասխաններ տրվեն այն հարցերին, թե ի՞նչ ծրագրեր են տեղադրված համակարգչում, ե՞րբ են տեղադրվել, տեղադրվելու ժամանակ արդյո՞ք կատարվել է նախորդ սերվերի տվյալների փոխանցում ու համապատասխանեցում «Մոսկվա» կինոթատրոնից գողություն կատարելու գործով իրեղեն ապացույց համարվող համակարգչի և դրա կոշտ սկավառակների հետ:

Հիշեցնենք, որ «Մոսկվա» կինոթատրոնից 5 մլն 80 հազար դրամ և 10 հազար ռուսական ռուբլի գողության մեջ մեղադրվում են Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը: Նրանք կալանավորված են երկու տարուց ավելի: Կալանավորելու հիմք է ծառայել Հովակիմյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որը, նրա պնդմամբ, ձեռք է բերվել խոշտանգման հետևանքով: Նրանց մեղքն ապացուցող այլ հանգամանք գործում առկա չէ:

Ինչպես նշում է Հովակիմյանի փաստաբանը, գողացված գումարի չափը գործի քննության ընթացքում որևէ ապացույցով չի հիմնավորվել, իսկ ներկայացված փաստաթուղթը պարունակում է անճշտություններ։

Պաշտպաններն ու գործով դատախազը չներկայացրեցին այլ միջնորդություններ ու դատավոր Պապոյանը հայտարարեց, որ ապացույցները հավաքելու ու միջնորդություններ ներկայացնելու ու քննարկելու փուլն ավարտված է:

Հուլիսի 24-ին՝ ժամը 16:30-ին, դատախազ Սամվել Հարությունյանը հանդես կգա վերջնական ճառով: 

Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am