Նորություններ

Ամուլսարի հանքավայրի շահագործման համար պաշտոնական եզրակացություն դեռ չկա

24.07.2012

Մինչև օգոստոսի 20-ը հայտնի կդառնա, թե ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն տալի՞ս է Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրին, թե՞ ոչ: Այս մասին www.hra.am –ին հաղորդեց ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Հենրիկ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ «Գեոթիմ» ընկերությունն ուզում է շահագործել  Ամուլսարի հանքավայրը, որը գտնվում է Երևանից 170 կմ հեռավորության վրա՝ երկու մարզերի՝ Վայոց ձորի և Սյունիքի սահմանին: Հուլիս ամսվա ընթացքում այս կազմակերպությանը պետք է արդեն լիցենզիա տրվեր, քանի որ առկա էին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, սակայն բնապահպանների բարձրացրած դժգոհությունից հետո այդ գործընթացը հետաձգվեց:

«Գեոթիմ» ընկերության աշխատակիցներն ընդունում են, որ հանքի շահագործման ընթացքում չի բացառվում, որ վնաս հասցվի միայն Սպանդարյանի ջրամբարին: Բնապահպանները պնդում են, որ միայն դա էլ հերիք է, որ Ամուլսարի հանքավայրը չշահագործվի: Բնապահպանները նաև համոզված են, որ կենդանական, բուսական աշխարհն ու ջրային պաշարները վտանգված են, քանի որ հանքավայրի շահագործման ընթացքում Որոտան գետից օրական վերցնելու են 3000 տոննա ջուր, շահագործման ընթացքում շրջակա միջավայրում նստելու է թունավոր նյութերից կազմված փոշի, որն առաջանալու է հանքավայրի պայթեցումների հետևանքով: Այն ,սարերից իջնելով ներքև, վտանգելու է թե՛ բուսական աշխպարհը, թե՛ էներգետիկ միջավայրը, քանի որ Որոտանի վրա կառուցված է 3 ՀԷԿ-երից կազմված կասկադ:

«Հունիսի 25-ին մենք ներկայացրել ենք բոլոր փաստաթղթերը «Էկոաուդիտ» ՍՊԸ-ին, ովքեր  իրենց պարզաբանությունները  տվել են հուլիսի 18-ին: Մասնագիտական եզրակացությունը կներկայացվի հուլիսի 30-ին ժամը 12:00-ին ՀՀ բնապահպանության նախարարության խորհրդակցության սենյակում, որտեղ կներկայացվեն նաև հասարակական կազմակերպությունների և ազդակիր համայքների կարծիքները»,- www.hra.am –ին հաղորդեց Գրիգորյանը:

Գրիգորյանը նաև նշեց, որ քննարկումների մեջ մեծ տեղ են տալիս նաև Ջերմուկի քաղաքապետարանին: Հիշեցնենք, որ «Գեոթիմ» ընկերության ներկայացուցիչները մեկ ամիս առաջ հայտարարում էին, որ Ամուլսարի հանքավայրը շահագործելուց առաջ ընդամենը 13կմ հեռավորությամբ գտնվող Ջերմուկում հասարակական լսումներ անցկացնելն անիմաստ է, քանի որՋերմուկն իրականում ոչ մի ազդեցություն չի կրելու:  

Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am