Նորություններ

Ոստիկանությունը Մարո Գուլոյանի մահվան գործով նույնիսկ հարցաքննություն չի կատարում

24.07.2012

Կոտայքի մարզի Առինջ գյուղում հուլիսի 12-ին մահացած 21-ամյա Մարո Գուլոյանի գործով դեռ ոչ ոք չի կասկածվում. այս մասին www.hra.am–ին հաղորդեց Արմեն Մալխասյանը՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ԶԼՄ–ների հետ կապի վերլուծության և լրատվության բաժնի պետը:

«Այժմ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1–ին մասով գործ կա հարուցված, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի ավարտվելուց հետո միայն պարզ կդառնա, թե հարցաքննությունների համար մարդկանց կկանչենք, թե՝ ոչ»,- ասաց Մալխասյանը:

Փաստորեն, ոստիկանությունը հարուցել է քրեական գործ, բայց ոչ մի գործողություն չի ծավալում՝ միայն սպասում է դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, որը գուցե պատրաստ լինի 2 շաբաթից կամ ավելի ուշ։ Բնականաբար, այս ընթացքում Մարո Գուլոյանի մահվան մեջ մեղավոր հնարավոր թե կասկածյալները, թե վկաները կարող են լքել երկիրը, թաքցնել գործով կարևոր ապացույցներ և այլն։

Հիշեցնենք, որ Մարո Գուլոյանն ուներ մեկ մանկահասակ երեխա և սպասում էր երկրորդին՝ մոտ 4 ամսական հղիությամբ։ Թեև նրա ամուսնու ընտանիքում պնդում են, որ նա ինքնասպան է եղել, աղջկա ընտանիքը համոզված է, որ նրան սպանել են կամ էլ ինքնասպանության են դրդել, քանի որ նրա ընտանեկան կյանքը շատ ծանր է եղել։ Ամուսինը՝ Գևորգ Գուլոյանը, դաժան ծեծերի է ենթարկել նրան։ Մարոն,  չդիմանալով ուզել է բաժանվել ամուսնուց, բայց վախեցել է, ամուսինը սպառնացել է «մորթել եղբորը», եթե Մարոն իրենց տանից դուրս գա։

Մարո Գուլոյանի իրավահաջորդը նրա հայրն է՝ Ռոմիկ Թովմասյանը։ Նրանց փաստաբանական աջակցություն է ցուցաբերել Կանանց ռեսուրսային կենտրոնը. փաստաբան՝ Լուսինե Մինասյան։  

Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am