Նորություններ

ՀՔԾ-ն երեք ամսում չի գտել լրագրողների աշխատանքը խոչընդոտողներին

25.07.2012

Հունիսի 7-ից Հատուկ քննչական ծառայությունը միացրել և մեկ վարույթում է քննում մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների օրը լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու հիմքերով հարուցված երեք քրեական գործերը:

Իսկ Էրեբունու քննչական ծառայությունը կարճել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հիմքով հարուցված քրգործը:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին ԱԺ ընտրությունների օրը լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ) հարուցվել էր 4 քրեական գործ, որից 3-ը գտնվում են ՀՔԾ վարույթում:

Երեք միջադեպերն էլ տեղի են ունեցել Գյումրիում՝ տարբեր ընտրատեղամասերում: Երկուսի դեպքում խոչընդոտել են «Կենտրոն» հեռուստաընկերության, մի դեպքում՝ «Մաքսինֆո» լրատվական-վերլուծական գործակալության լրագրող-օպերատորների աշխատանքը:

Հատուկ քննչական ծառայությունից www.hra.am –ին հայտնեցին, որ մինչև օրս երեք գործերով կասկածյալներ կամ ձերբակալվածներ չկան, նախաքննությունը շարունակվում է և «միջոցներ են ձեռնարկվում հանցանք կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»: 

Մյուս միջադեպը տեղի է ունեցել Երևանում: «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանը դիմել էր ոստիկանություն՝ հայտնելով, որ ընտրատեղամասի մոտ նկարահանումներ անելիս Վարդան անունով ներկայացած մի երիտասարդ հարվածել և գետնին է գցել իր «Ֆլիպ» տեսակի տեսախցիկը: 

Հուլիսի 13-ին ոստիկանությունը կարճել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հիմքով հարուցված քրեական գործի վարույթը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ 

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am