Նորություններ

Հրապարակվում են քրեական գործում առկա ապացույցները

25.07.2012

Արտակ Նազարյան

Արտակ Նազարյանի մահվան գործով հուլիսի 24-ի դատական նիստում շարունակվեց էր քրեական գործում առկա ապացույցների հրապարակումը:

Նիստին ներկա չէր գլխավոր ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը: Դատարանում փաստաբանական գործունեության իր հավաստագիրը ներկայացրեց և Հակոբ Մանուկյանի պաշտպանության գործին, որպես երկրորդ փաստաբան, միացավ Արմինե Ղասաբօղլյանը, ով նախկինում Հրանտ Գևորգյանի հետ ներկայանում էր դատական նիստերին:

Նիստում դատախազ Հարություն Հարությունյանը շարունակեց հրապարակել նշանակված դատաբժշկական, դատաձգաբանական, դատահոգեբուժական և այլ փորձաքննությունների արդյունքները: Քանի որ դատավարության կողմերի մոտ կան դրանց ամբողջական տեքստերը , ժամանակն արդյունավետ օգտագործելու համար դատավարության կողմերի ցանկությամբ որոշ փորձաքննությունների եզրակացություններ հրապարակվում էին կրճատ, դատախազ Հարությունյանը ընթերցում էր միայն դատաբժշկական փորձաքննության համար քննիչի առաջադրած հարցերը և դատական փորձագետների եզրակացությունները:

Դատաբժշկական փորձաքննությամբ՝ Արտակ Նազարյանի ծառայակից 9 զինծառայողների մարմնի վրայից վերցրած քսուքներից չեն հայտնաբերվել վառոդի հետքեր, կիսայրված վառոդի մասնիկներ, սակայն հայտնաբերվել են պղնձի մետաղացման հետքեր, որոնք կարող են լինել հրազենային կրակոցի հետևանք, նաև հայտնաբերվել է անտիմոն տեսակի նյութ, որի չափերը տեղավորվում են սահմանված նորմայի մեջ: Նիստում, որպես իրեղեն ապացույց ցուցադրվեցին Արտակ Նազարյանի արյունոտ հագուստը, կապիտան Հակոբ Մանուկյանի և լեյտենանտ Վահագն Հայրապետյանի հագուստները, որոնց վրա կան Արտակ Նազարյանի արյան հետքեր:

Տուժողի իրավահաջորդի և ամբաստանյալ 3 զինծառայողների պաշտպան Ալվարդ Մարտիրոսյանի միջնորդությամբ հրապարակվեցին հեռախոսագրեր, որոնք տեղեկացնում են Արտակ Նազարյանի մահվան մասին:

Դրանց համաձայն՝ մի դեպքում Արտակ Նազարյանի դիակը հայտնաբերվել է խրամատում, մի այլ դեպքում `խրամուղում: Իսկ մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ Արտակ Նազարյանն ինքնասպան է եղել ժայռի մոտ: Հակոբ Մանուկյանի պաշտպան Արմինե Ղասաբօղլյանի միջնորդությամբ դատարանում հրապարակվեց Արտակ Նազարյանի ծոցատետերի այն գրառումները, որեղ նշվում է խանութներից Արտակ Նազարյանի կողմից, իր և դասակի զինվորների համար, ապառիկ վերցրած ապրանքների գումարները: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանի միջնորդությամբ հրապարակվեց դեպքի տեղազննության արձանագրությունը, լրացուցիչ տեղազննության, երկրորդ լրացուցիչ տեղազննության արձանագրությունները: Վահագն Հայրապետյանի պաշտպան Լևոն Պողոսյանի միջնորդությամբ հրապարակվեց համալիր դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին քննիչի որոշումը, Ռուբեն Մարտիրոսյանի միջնորդությամբ` զենք-զինամթերքի զննման արձանագրությունը, Ալվարդ Մարտիրոսյանի և Լևոն Պողոսյանի միջնորդություններով հրապարակվեցին հատվածներ մարտական հերթապահության ժամանակացույցից:

Հուլիսի 25-ին դատարանում կշարունակվի քրեական գործում առկա ապացույցների հրապարակումը:

Ոսկան Սարգսյան
Իջևան

Աղբյուրը՝ www.hra.am