Նորություններ

Փոխվե՞լ է Արտակ Նազարյանի մահվան վայրում գտնված պարկուճը

26.07.2012

Նազարյանի իրավահաջորդն ու ներկայացուցիչը զննում են պարկուճը, հուլիսի 25, 2012թ.

Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանն ուշադիր զննեց այն պարկուճը, որն իբր գտնվել է Արտակ Նազարյանի մահվան վայրում: Ռուբեն Մարտիրոսյանը հաստատեց նախկինում իր արած պնդումը, որ պարկուճը փոխված է: Նրա խոսքերով` 16 տարվա իրավապաշտպան գործունեության մեջ առաջին անգամ է տեսնում, որ նախաքննությունը նման կեղծիքով կատարված լինի:

Հուլիսի 25-ին Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության ընթացքում ներկայացվում էին գործով իրեղեն ապացույցները` Արտակ Նազարյանի բջջային հեռախոսը, նրա պատի օրացույցները, ծոցատետրը, տետրերը, ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի բջջային հեռախոսը, օրացույցը և այլն:

Չնայած դատավոր Սամվել Մարդանյանը դատարանում հայտարարում էր, որ տեղի է ունենում իրեղեն ապացույցների հետազոտում, սակայն երբ Ծովինար Նազարյանը լուսանկարում էր իրեղեն ապացույցները ու քանդեց հանգուցյալ եղբոր` Արտակ Նազարյանի բջջային հեռախոսը, դատավորը հայտարարեց, որ չի կարելի քանդել, այս փուլում իրեղեն ապացույցը կարելի է միայն նայել, բայց ոչ` հետազոտել:

Ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իրեղեն ապացույցների փաթեթները տեղավորող որոշ ծրարներ քննիչի կողմից կնքված չեն:

Արտակ Նազարյանը մայրը` Հասմիկ Հովհանիսյանը, նայելով իր հանգուցյալ որդու՝ խանութներին ունեցած ոչ մեծ պարտքի և ծառայակիցների կողմից Արտակին ունեցած պարտքի գումարների ցանկը, մեզ հայտնեց, որ Արծվաբերդ գյուղի մթերային խանութի աշխատողը Արտակի մահից հետո, նրա ունեցած 8300 դրամ պարտքի դիմաց իրենից 40 հազար դրամ է գանձել:

Ընդմիջումից հետո մեղադրող Հարություն Հարությունյանի միջնորդությամբ հրապարակվեցին քրեական գործում առկա մի շարք նյութեր` հեռախոսագրեր, բջջային հեռախոսի քարտեր առգրավվելու արձանագրություն, զենք-զինամթերքի ամրակցման տեղեկագիր, հրամաններից քաղվածքներ և տեղեկանք, Արտակ Նազարյանի մարմնից նմուշներ ստանալու որոշման արձանագրություն, նրա դիակի զննման արձանագրություն, որոշում Հակոբ Մանուկյանի հեռախոսի առգրավման մասին, որուշումներ Արման Մնացականյանի , Արթուր Մկրտչյանի և վերջինս եղբոր` Վարդան Մկրտչյանի նկատմամբ պաշտպանական միջոցներ կիրառելու մասին և այլն:

Դատական հաջորդ նիստը կկայանա հուլիսի 31-ին՝ ժամը 11-ին։

Ոսկան Սարգսյան
Իջևան

Աղբյուրը՝ www.hra.am