Նորություններ

Ստեփան Հովակիմյանը դատարանի դահլիճում ինքնավնասում արեց

27.07.2012

Ստեփան Հովակիմյան

«Մոսկվա» կինոթատրոնի գողության մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանը հուլիսի 26-ին կայացած նիստի ժամանակ դատարանի դահլիճում ինքնավնասման փորձ կատարեց:

Նա փորձեց ձեռքի երակները կտրել այն բանից հետո, երբ դատարանը (նախագահող դատավոր՝ Մխիթար Պապոյան) բավարարեց մյուս մեղադրյալի՝ Վահրամ Քերոբյանի պաշտպանների միջնորդությունը վերսկսել դատաքննությունը և լրացուցիչ հարցաքննել Վահրամի մորը:

Ի դեպ, դատախազ Սամվել Հարությունյանը չառարկեց միջնորդությանը, թեև Վահրամ Քերոբյանն ասաց, որ դեմ է միջնորդությանը:

Վահրամ Քերոբյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը նշեցին, որ Վահրամի մայրը՝ Ռուզաննա Քերոբյանը, շատ կարևոր տեղեկություններ ունի դատարանին հաղորդելու, որը «էական նշանակություն ունի գործի համար, և էապես կփոխի գործի ելքը»:

Ինքնավնասումից հետո դատավոր Մխիթար Պապոյանը նիստն ընդմիջեց և կարգադրեց շտապօգնություն կանչել: Ստեփան Հովակիմյանին բուժօգնություն ցուցաբերեցին, վնասվածքը փոքր էր:

Ընդմիջումից հետո նիստը շարունակվեց Ս.Հովակիմյանի բացակայությամբ: Դատարանը կարգապահական տույժ կիրառեց՝ ամբաստանյալին 2 ժամով հեռացնելով նիստերի դահլիճից, քանի որ նա խախտել է դատական նիստի բնականոն ընթացքը:

Դատարան կանչվեց և հարցաքննվեց Ռուզաննա Քերոբյանը: Նա ասաց, որ հուզված է և կցանկանար ոչ թե բանավոր խոսել, այլ գրած ցուցմունքը կարդալ: Մոտ մեկ էջից բաղկացած ցուցմունքում նա մասնավորապես նշում էր, որ պատահաբար լսել է իր որդու և Ստեփան Հովակիմյանի հեռախոսային խոսակցությունը, թե ինչպես էր վերջինս իր տղային համոզում, որ «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից գողություն կատարի:

«Վահրամը երկար չի համաձայնվել, սակայն Ստեփանի խնդրանքին տեղի տալով ի վերջո համաձայնվել է: Ստեփանը նրան տվել է դրամարկղի բանալին, Վահրամը մտել է կինոթատրոն, Ստեփանը զանգահարել է նրան պահարանի բանալու տեղը հիշեցնելու համար, որդիս կարճ, ինչ-որ կցկտուր պատասխաններ է տվել, թե չի անելու ու անջատել է հեռախոսը: Մի երկու անգամ էլ որդիս է զանգել, նորից կարճ ասել, որ գողություն չի անի, ու անջատել հեռախոսը: Ստեփանը անընդհատ փորձել է կապվել որդուս հետ ու համոզել, որ որդիս մտնի դրամարկղ և կատարի գողությունը: Որդիս վերջնականապես հրաժարվել է կատարել գողությունը, ասել է, որ չի մտել դրամարկղ չի էլ մտնելու: Ստեփանին չի հաջողվել համոզել Վահրամին և, ի վերջո, Վահրամը, դուրս գալով «Մոսկվա» կինոթատրոնից, նրան է վերադարձրել դրամարկղի բանալին ու հեռացել»,- գրված է Ռուզաննա Քերոբյանի ցուցմունքում:

Վահրամի մայրը հրաժարվեց պատասխանել որևէ հարցի: 

Դատախազը միջնորդեց լրացուցիչ հարցաքննել Վահրամ Քերոբյանին, սակայն վերջինս, օգտվելով իր իրավունքից, հրաժարվեց հարցաքննությունից և հարցերին պատասխանելուց:

Ցուցմունքից հետո միջնորդությամբ հանդես եկավ Վահրամ Քերոբյանի պաշտպան Լուսինե Սահակյանը՝ խնդրելով Վահրամի խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով, քանի որ դատական քննության ընթացքը ցույց տվեց, որ «Վահրամ Քերոբյանը փաստացի հրաժարվել է հանցագործություն կատարելուց»:

Միջնորդությանը ոչ ոք չառարկեց, անգամ՝ մեղադրող կողմը:

Դատարանը հեռացավ խորհրդակցության և վերադառնալով հրապարակեց կայացրած դատական ակտը: Դատարանը որոշեց պաշտպանի միջնորդությունը բավարարել և ամբաստանյալ Վահրամ Քերոբյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել գրավ՝ 500.000 ՀՀ դրամի չափով:

Նա ազատ կարձակվի, երբ դատարան ներկայացվի գրավի վճարման կտրոնը: Դատական քննությունը կշարունակվի օգոստոսի 14-ին՝ ժամը 14:00-ին:

Հիշեցնենքոր Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնից 5 մլն 80 հազար դրամ և 10 հազար ռուսական ռուբլի գողանալու մեջ: Նրանք կալանավորված են երկու տարուց ավելի: Կալանավորելու հիմք է ծառայել Հովակիմյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որը, նրա պնդմամբ, ձեռք է բերվել խոշտանգման արդյունքում: Նրանց մեղքն ապացուցող այլ հանգամանք գործում առկա չէ:

Աղբյուրը՝ www.hra.am