Նորություններ

Արտակ Նազարյանի հագուստների դատաքիմիական, դատակենսաբանական փորձաքննություններ չեն կատարվել

01.08.2012

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հուլիսի 31-ի նիստում ներկայացվեցին Արտակ Նազարյանին ամրակցված AK-74 ինքնաձիգը, նրա զրահաբաճկոնը, ենթապայուսակը և այնտեղ պահված  փամփուշտների 3 պահունակները:

Դրանք դատարանում ներկայացնելու համար նախորդ դատական նիստին միջնորդություն էր արել տուժողի իրավահաջորդը` Արտակ Նազարյանի քույր Ծովինար Նազարյանը: Դատավոր Սամվել Մարդանյանը հարցրեց, թե պե՞տք է  բացել ինքնաձիգի փողը փակող կպչուն ժապավենը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ ինքնաձիգը կեղծ ապացույց է, իրենց չի հետաքրքրում: Նա զննելով Արտակ Նազարյանի զրահաբաճկոնը`  հայտարարեց, որ դրանց  վրա հրազենային կրակոցին  բնորոշ հետքեր կան: 

Ամբաստանյալ զինվորներ  Ադիբեկ Հովհաննիսյանը և  Հարություն Կիրակոսյանը դատարանում ցուցմունք տալով` ասել էին,  որ նախաքննության ընթացքում ռազմական ոստիկանությունում իրենց ծեծել են: Գործով մեղադրող Հարություն Հարությունյանը միջնորդել էր  այս առթիվ  քննություն կատարել:  Դատավոր Սամվել Մարդանյանը հրապարակեց  զինդատախազ Գևորգ  Կոստանյանի  գրությունն այն մասին, որ  դրա վերաբերյալ կատարված քննության արդյունքում  քրեական գործի հարուցումը մերժվել է:

Ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը հայտարարեց, որ իրենք  պահանջում են այդ առթիվ քրեական գործի հարուցումը մերժող հետաքննության հիմքերը,  հարկավոր  է կալանավայրից ստանալ ամբաստանյալների մարմնական զննության փաստաթղթերը:

Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը միջնորդեց  դատական նիստերը Երևան տեղափոխել, քանզի  Իջևան հասնելու համար  իրենք շատ ժամանակ են ծախսում:  Նա դատավորին առաջարկեց մտածել տուժողի իրավահաջորդների առողջության մասին  և դատական նիստերը  մայրաքաղաքում անցկացնել: Դատավոր Մարդանյանն ասաց, որ նախկինում էլ նման  միջնորդություններ են եղել, որոնք մերժվել են:

Այնուհետև Ծովինար Նազարյանը միջնորդեց հրապարակել քրեական գործում  առկա շուրջ  8 տասնյակ ապացույցներ: Դատական նիստի ընթացքում այդ ապացույցների հրապարակումը կիսատ մնաց:  

Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը նշեց, որ նախորդ դատական նիստին ներկայացված Արտակ Նազարյանի զինվորական հագուստներից վերնաշապիկի և ներքնաշապիկի թիկունքի մասը արյունով է  ծածկված, սակայն տաբատն ու վարտիքն արյունոտ չեն , եթե Նազարյանը նստած, ժայռին հենված  դիրքում ինքնասպան լիներ, արյունը պետք է հասներ տաբատին և վարտիքին: Իրավապաշտպանի խոսքերով` Արտակ Նազարյանի մահվան դեպքի վայրը և դիակի դիրքը փոխած են, Նազարյանը  պառկած է եղել  հորիզոնական դիրքով:  Ռ. Մարտիրոսյանի համոզմամբ`խծուծների փորձաքննության արդյունքները  խիստ վտանգավոր են  նախաքննական  մարմնի համար. դրանց արդյունքները վկայում են այն մասին, որ  կրակոցի պահին 7 զինծառայող գտնվել է  սպանության վայրում,եթե այդ զինծառայողները  30մ հեռու լինեին այդտեղից, կրակոցի հետևանք մետաղական փոշին նրանց վրա չէր նստի: Ըստ Մարտիրոսյանի՝ քննիչը պարտավոր էր դատաբժշկին հարցնել` կա՞ն արդյոք փաստեր, որոնք վկայեն դեպքից հետո դիակի տեղաշարժման մասին: Իրավապաշտպանն ասաց, որ  իր  պրակտիկայում առաջին դեպքն է, երբ  սպանության գործով  չեն  կատարվել դատաքիմիական, դատակենսաբանական փորձաքննություններ, մինչև այժմ իրենք չգիտեն, թե Նազարյանի հագուստի վրա կա՞ն արյան  և  փսխոցի հետքեր: Ըստ վկա Արման Մնացականյանի` մինչև ինքնասպանություն կատարելը Արտակ Նազարյանը  սնունդ է  ընդունել: Մինդեռ ըստ դատաբժշկական եզրակացության` Արտակ Նազարյանի ստամոքսը դատարկ է եղել: Ռ. Մարտիրոսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ 2010թ. հուլիսի 27-ին, առավոտյան 8-անց  10-ին գնդի հրամանատար Ղազարյանը հեռախոսագրով հայտնել  է,  որ  Արտակ Նազարյանի դիակը  հայտնաբերվել է հենակետում, իսկ կես ժամ անց՝ ճշտելով  նա հայտարարել է, որ Արտակ Նազարյանի դիակը գտնվել  է  խրամատում: Իսկ  քրեական գործի նյութերով` Արտակ Նազարյանն ինքնասպան է  եղել ժայռի մոտ:

Դատական հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 8-ին:

Ոսկան Սարգսյան
Իջևան
Աղբյուրը՝ www.hra.am