Նորություններ

Քննիչ Սարգիս Մադաթյանը Նազարյաններին ապատեղեկացրել է

09.08.2012

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարություն. օգոսոտոսի 8, 2012թ.

Օգոստոսի 7-ին Արտակ Նազարյանը կդառնար 33 տարեկան: Նրա ծննդյան օրը դատական նիստ չկայացավ:

Օգոստոսի 8-ին տեղի ունեցած դատական նիստում տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի միջնորդությամբ շարունակվեցին հրապարակվել քրեական գործի ապացույցները: Դատական նիստին չէին մասնակցում գործով գլխավոր ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը, ամբաստանյալ զինվորներ Հարութիկ Կիրակոսյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի և Մխիթար Մխիթարյանի պաշտպան Ալվարդ Մնացականյանը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը: Դատարանում հայտարարվեց, որ Հրանտ Գևորգյանի մայրը մահացել է: Նիստում Հակոբ Մանուկյանի շահերը ներկայացնում էր նրա մյուս պաշտպան Արմինե Ղասաբողլյանը: Ամբաստանյալ 3 զինվորները դատարանում հայտարարեցին,որ պաշտպան Ա. Մնացականյանի բացակայությունը նիստն անցկացնելու համար  խոչընդոտ չէ:  

Ապացույցների հրապարակումից հետո ցուցադրվեց տեսանյութ  քննիչ Լևոն Պետրոսյանի  կողմից նշանակված  փորձարարության վերաբերյալ, երբ 3 զինվորներ գետնատնակից բարձրանում են ժայռի մոտ, որտեղ իբր ինքնասպան է եղել Արտակ Նազարյանը: Փորձարարությանը մասնակցած զինվորներն այդ տարածությունը հաղթահարել են 4,5-5 րոպեում:  

Ծովինար Նազարյանն ասաց, որ այդ քննչական փորձարարությունն էական նշանակություն չունի,այն անցկացվել է բոլորովին այլ հանգամանքներում: Համաձայն մեղադրական եզրակացության` Արտակ Նազարյանն ինքնասպանություն կատարելու նպատակով  ժառյաբեկորի մոտ է բարձրացել առավոտյան,իսկ փորձարարությունը կայացելէ ցերեկը, բացի այդ` Արտակ Նազարյանը եղել է առանց զրահաբաճկոնի, իսկ զինվորները փորձարարությանը մասնակցել են  զինվորական լրիվ հանդերձանքով:

Ծովինար Նազարյանի կարծիքով՝ Արտակն այդ աստիճան ծեծված, ջարդված վիճակում ոչ 5, ոչ 10 րոպեում, ոչ էլ մեկ ժամում  չէր  կարող բարձրանալ ժայռաբեկորի մոտ:  Դատական փորձագետները Ա. Նազարյանի մարմնի վրա ընդհանուր առմամբ 54 տարբեր վնասվածքներ են հայտնաբերել:

Օգոստոսի 8-ի նիստի ընթացքում գործով ապացույցների հրապարակման ավարտից հետո դատարանում ցուցմունք տվեց տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը:  Նա տվեց Արտակ Նազարյանի անձի բնութագիրը, նաև պատմեց, որ  դեպքից հետո  իրենց տուն է այցելել քրեական գործով առաջին քննիչ Սարգիս Մադաթյանըով Նազարյաններին  ծանոթացրել է  դատական փորձաքննություններ նշանակելու որոշումներին: Քննիչ Մադաթյանը  Նազարյանների տանը երկար է մնացել, նա  գումարտակի հրամանատարի նախկին տեղակալ, գործով գլխավոր ամբաստանյալ Հակոբ Մանուկյանին ներկայացրել է ֆիզիկապես ուժեղ, հաղթանդամ մարդու, որ կարող էր բոլորին ծեծել, որ  հենակետում ոչ ոք նրան չէր սիրում և չեն ափսոսացել, երբ  նրան ձերբակալել են: Մինչդեռ իրականում Հակոբ Մանուկյանը ֆիզիկապես միջին կարողություններ ունեցող երիտասարդ է, ով չէր կարող Արտակ Նազարյանի նկատմամբ ֆիզիկապես  էական առավելություն ունենալ:

Ծովինար Նազարյանը  կշարունակի ցուցմունք տալ հաջորդ նիստին՝ օգոստոսի 14-ին:

Ոսկան Սարգսյան
Իջևան 

Աղբյուրը՝ www.hra.am