Նորություններ

Արտակին սպանել են.պնդում են նրա հարազատները դատարանում

15.08.2012

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարություն. օգոսոտոսի 14, 2012թ.

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության օգոստոսի 14-ի նիստում շարունակեց ցուցմունք տալ տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը՝ Արտակ Նազարյանի քույրը:

Նա անդրադարձավ քրեական գործով նախկին քննիչ Սարգիս Մադաթյանի, նրա բնորոշմամբ՝ «հերոսություններին», թե ինչպես քննիչն ամեն կերպ խուսափել է պատասխանել իրենց այն հարցին, թե նրանք որ ժամին են հասել դեպքի վայր:

Ծովինար Նազարյանն ասաց, որ Արտակ Նազարյանի մարմինը շատ վատ վիճակում էր, իրենց ասել են, թե բժիշկն արգելել է մարմնին ձեռք տալ, որ հպումից կարող է հանգուցյալի մաշկը պոկվել: Ծովինարի վկայությամբ`Արտակի ձեռքերը դագաղի պաստառի կտորից ամրակներով ամրացված էին, իրենք պոկել են կտորը և տեսել, որ Արտակի ձեռքերը չորացել են: Ծովինար Նազարյանի խոսքերով, դա վկայում է, որ Նազարյանի սպանությունն ավելի վաղ է տեղի ունեցել, գործով քննիչները նպատակ են ունեցել դեպքի վայր իրենց ժամանման տարբեր ժամեր նշելով` ժամանակ շահել, կոծկել սպանությունը: Ծովինարը դատարանում հայտարարեց, որ քննիչները միակողմանի են քննել քրեական գործը:

Տուժողի իրավահաջորդը դատարանում հայտարարեց, որ 2010թ. օգոստոսին քննիչ Ս. Մադաթյանն իրենց հրավիրել է ծանոթանալ գործով նշանակված փորձաքննության արդյունքներին ու որ այն ժամանակ Արտակի գլխարկի վրա արյան հետքեր չկային: Սակայն մի տարի անց գործով նոր քննիչ Լևոն Պետրոսյանը գործին կցել է լուսանկար, որտեղ Արտակի գլխարկն արյունոտ է:

Ծովինար Նազարյանը համոզմունք հայտնեց, որ իր եղբոր սպանությունն այլ տեղ է կատարվել, դրանից հետո դիակը տեղափոխվել է ժայռաբեկորի մոտ, որ 54 վնասվածքներ ունեցող Նազարյանը չէր կարող բարձրանալ 300մ` ժայռաբեկորի մոտ:

Նա անդրադարձավ նաև այն գրությանը, որտեղ Արտակ Նազարյանն իբր գրել է ինքնասպանություն կատարելու պատճառների մասին: Ծովինարը հայտարարեց, որ այն Արտակը դա չի գրել, ձեռագիրը նմանեցված է, համալսարանական կրթությամբ Արտակը չէր կարող «դաստիարակություն» բառը գրել առանց «ա»-ի` «դաստիրակություն»:

Պատասխանելով դատավարության մասնակիցների հարցերին` Ծ. Նազարյանը նշեց, որ եղբայրը ոգելից խմիչքներ չէր օգտագործում, մինչդեռ դատաբժշկական փորձաքննությամբ` Արտակի արյան մեջ ալկոհոլ է հայտնաբերվել:

Գործով մեղադրող Հայկ Հարոյանը միջնորդեց, որպեսզի ցուցմունք տա Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը: Հասմիկ Հովհաննիսյանն ասաց, որ Արտակը զինվորներին շատ էր սիրում, նա իրենից պատմության դասագրքեր և քարտեզներ է խնդրել, որպեսզի զինվորներին սովորեցնի հայոց պատմություն: Տիկին Հասմիկի խոսքերով` եթե Արտակը կամենար ինքնասպան լինել, կկանգներ սահմանային ժայռաբեկորի մոտ և իսկույն կխոցվեր ադրբեջանական հենակետերի կրակից:

Հ. Հովհաննիսյանի համոզմամբ` Արտակին սպանողները 3 կամ 4 հոգի են եղել, այդ գործում իրական մեղավորները դատարանի դահլիճում չեն: Տիկին Հասմիկը նրանց թվում նշեց վաշտի հրամանատար Գագիկ Ուդումյանի և գումարտակի հրամանատար Միշա Գաբրիելյանի անունները:

«Լռեք ու գնացեք Ուդումյանի և Միշա Գաբրիելյանի տեղը նստեք»,-ամբաստանյալ զինծառայողներին ասաց Արտակ Նազարյանի մայրը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը անդրադառնալով գործում ներկայացված, դատարանում հետազոտված ապացույցներին` ասաց, որ մեկ տարվա դատավարության ընթացքում այդպես էլ չտրվեցին բազմաթիվ հարցերի պատասխանները. ովքեր և որտեղ են Արտակ Նազարյանին պատճառել թվով 54, տարբեր աստիճանի վնասվածքներ, որ Նազարյանը մահից 6 ժամ առաջ և րոպեներ առաջ ծեծի է ենթարկվել, որ նա եղել է միջին խմածության աստիճանի, փորձաքննության մեջ օգտագործված խծուծները վկայում են, որ 7 զինծառայողների վրա եղել են հրազենային կրակոցի հետևանք հանդիսացող պղնձի մետաղայնացման հետքեր: Իրավապաշտպանի ելույթ-հայտարարությունը կիսատ մնաց, քանզի աշխատանքային օրն ավարտվեց:

Դատական հաջորդ նիստը կկայանա վաղը՝ օգոստոսի 15-ին:

Ոսկան Սարգսյան
Իջևան

Աղբյուրը՝ www.hra.am